211652_close_icon
views-count869 դիտում article-date 16:14 06-05-2022

Սեւան համայնքը շուտով կունենա մշակութային զարգացման ռազմավարություն

2021 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «Երազանքի այգի. մշակութային ՌեստԱրտ» ծրագիրը, որի շրջանակում մշակվում է Սեւան համայնքի  մշակութային զարգացման ռազմավարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից`ռազմավարության մշակման աշխատանքներն ուղեկցվել են հանդիպում-քննարկումներով, դասընթացներով, իրազեկման արշավներով։ Մշակութային ռազմավարության հայեցակարգի մշակումը  գտնվում է վերջնական փուլում։

«Մշակութային ռազմավարությանը ծանոթանալու եւ վերջին շտկումները կատարելու նպատակով ‹‹Էթիունի›› հյուրատուն-սոցիալական ձեռնարկությունում տեղի ունեցավ երկրորդ թաունհոլը, որի առանցքում Լճաշենի մշակութային զարգացման հայեցակարգն էր, տեսլականը՝ Լճաշենը բաց երնքի տակ միջազգային նշանակության հնագիտական թանգարան դարձնելը։ Հանդիպում-քննարկման ընթացքում համայնքի բնակիչները՝ 18 տարեկանից բարձր տարբեր ոլորտներում զբաղվածություն ունեցող ակտիվ եւ նախաձեռնող քաղաքացիները, որոնք ներկայացնում էին տարբեր բնագավառներ, հնարավորություն ունեցան ծանոթանալ համայնքի մշակութային զարգացման ռազմավարության ներկայացվող տարբերակին, ինչպես նաեւ ներկայացրին առաջարկություններ։ Հանդիպման ընթացքում մասնավորեցվեցին Լճաշենի մշակութային զարգացման հայեցակարգի նպատակները եւ այդ նպատակներից բխող գործողությունները, որոնք հնարավորություն են տալու՝ տեսլականը կյանքի կոչել։

Թաունհոլի ընթացքում խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները բացահայտեցին իրենց հետաքրքրող ոլորտային հարցերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի համալրել ռազմավարությունը։ Առաջիկայում տեղի կունենա ևս մեկ թաունհոլ, որով կամբողջացվեն ռազմավարության մշակման աշխատանքները»,- ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ծրագիրն իրականացվում է «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից` Սեւանի համայնքապետարանի, «Սեւան» երիտասարդական ակումբ» եւ «Նոր արվեստի փուլ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող #EU4Culture ծրագրի շրջանակում։

Նմանատիպ նյութեր