211652_close_icon
views-count1648 դիտում article-date 10:41 06-05-2022

Համանախագահողներն առաջին պլան են մղում Արցախյան խնդրի հիմնարար լուծման հարցը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն ամենշաբաթյա ռեժիմով է հեռախոսազրույցներ եւ հանդիպումներ ունենում ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ: Ֆրանսիայի համանախագահն էլ հաճախակի այցեր է կազմակերպում տարածաշրջան: Նման ակտիվացմանը Ադրբեջանը չէր կարող չարձագանքել: Մայիսի 4-ին ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, որ այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արեւելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվել Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, հասկանալի պատճառներով, չի հիշատակել, որ Բրիս Ռոքֆոյը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն է, ինչը, սակայն, չի փոխում արձանագրված գործընթացի էությունը:

Իսկ էականն այն է, որ պաշտոնական Բաքուն արդեն մանեւրելու տեղ չունի Արցախի խնդրի շուրջ քաղաքական բանակցություններից խույս տալու համար: Միջազգային եւ եվրոպական կառույցները, Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջին պլան են մղում Արցախյան խնդրի հիմնարար ու երկարաժամկետ լուծման հարցը, ինչն առանց Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ առանց արցախցու ինքնորոշման իրավունքի դիտարկման անհնար է: Ադրբեջանը ստիպված է Հայաստանի հետ հարաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ պարտադրված է քայլեր անել այդ ուղղությամբ, քանի որ այն միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր