211652_close_icon
views-count2396 դիտում article-date 19:18 05-05-2022

Հարցեր Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Արդյո՞ք մինչև վերջ նրանք անկեղծ են

Հարցեր Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Արդյո՞ք մինչև վերջ նրանք անկեղծ են
 
Իշխանության և փողոցում հայտնված խորհրդարանական ընդդիմության միջև ընթացող քաղաքական բանավեճի որակը տագնապ է առաջացնում, թեկուզ միայն այն պատճառով, որ հանրության քվեն ստացած ու լեգետիմություն ունեցող խորհրդարանական ուժերն իրենց մանդատի ուժով պատասխանատվություն են կրում մեր պետության բնականոն գործունեության ապահովման համար։
 
Այնուամենայնիվ, որպես առճակատման պատճառ համարելով Արցախի խնդիրը, թե՛ գործող իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես վերջիններիս առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, տպավորություն է, որ մինչև վերջ անկեղծ չեն մեր ժողովրդի հետ, եթե իհարկե, արցախյան հարցի վերաբերյալ առհասարակ ունեցել են անկեղծություն։
 
Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչ օրս խուսափում են մեր ժողովրդի հետ մինչև վերջ անկեղծ լինել ու պատասխանել հետևյալ պարզ հարցերին․
 
- Իրականում ո՞րն է եղել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու պատճառը։
-Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքներ զիջելու կանխելու Ադրբեջանի կողմից երբևէ սանձազերծված որևէ պատերազմ։

-Արդյո՞ք 2016թ․ և 2020թթ․ պատերազմների միջև առկա է որևէ խոխկապակցվածություն, կամ արդյո՞ք երկու պատերազմների սանձազերծման պատճառները նույնն են, թե՞ ոչ։

-Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ կգործեր Հայաստանում, արդյո՞ք Հայաստանը կարող էր առնվազն չպարտվել 2020թ․ աղետալի պատերազմում, եթե Ադրբեջանին բացահայտ կերպով աջակցում էին Թուրքիան, Պակիստանը և այլ պետություններ, իսկ Հայաստանը մնացել էր միայնակ։

-Հօգուտ Ադրբեջանի խախտված ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, Հայաստանը որքա՞ն ժամանակ կարող էր դիմադրել Ադրբեջանին, այնուհետև անցներ հակահարձակման՝ վերականգնելով 1994թ. զինադադարով հաստատված սահմանագիծը: Իսկ հնարավոր վերականգնելուց հետո արդյո՞ք Արցախի հարցը կլուծվեր՝ հօգուտ մեզ, թե՞ ոչ:
-1994թ. հաստատված ստատուս քվոն արդյո՞ք շահեկան էր Արցախի ու Հայաստանի համար, մանավանդ այն պայմաններում, երբ աշխարհում խաղի կանոնները փոխվել էին՝ դերակատարների ազդեցության փոփոխմանը զուգահեռ:

-Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։

-Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշված ձևաչափով և առկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում այսօր ունակ են լուծել Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ։

-Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
-Եթե պաշտոնական Արցախը հայտարարում է, որ ներկա հանգրվանում անհնարին է համարում Հայաստանի հետ միավորվելն ու անկախության ճանաչումը, միաժամանակ հնարավոր է համարում ուղղահայաց հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա այս առումով ի՞նչ ասելիք կամ անելիք ունի Հայաստանը:
-Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, թե՞ ժամանակ է ձգում, կամ, այլ կերպ ասած, իրականում ի՞նչ է Ադրբեջանի ուզածը:
-Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որտե՞ղ են համադրվում ու հակադրվում Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերի համադրման կամ հակադրման ընթացքում ի՞նչ հավանական ռիսկեր ու վտանգներ կան Հայաստանի կամ Արցախի համար:
-Իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։
-Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն արդյո՞ք ներառում է Արցախի կարգավիճակի հստակեցում, թե՞ ոչ։
-Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով ի՞նչ նկատի ունեն։
-Արդյո՞ք նշված պետությունները երբևէ կճանաչեն Արցախի անկախությունը, եթե այո, ապա ի՞նչն էր խանգարում նրանց դա անել նախորդ 28 տարիներին։
-Ներկա հանգրվանում օբյեկտիվորեն Հայաստանն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար:
 
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ որպես խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության առաջնորդներ, իրենց քաղաքական թիմերի հետ միասին, պարտավոր են վերջ տալ անօրակարգ ու աբովանդակ գզվռտոցին և հաշվետվություն ներկայացնեն ժողովրդին, թե իրականում ինչպե՞ս են պատկերացնում ներկա հանգրվանում վերը նշված հարցերի լուծումը:
  
Նորիկ Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ

 

Նմանատիպ նյութեր