211652_close_icon
views-count4742 դիտում article-date 14:41 05-05-2022

«Էն սիսիանցի Հերոսին ասեք թող գա, մենակ ինքը կարա օգնի». Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Ռուսաստանից վերադառնալուց հետո Կարեն Իսրայելյանը 3 տարով պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամասում: Բայց դա էլ, կարծես, իրենը չէր: Գնաց Արցախ, շինարարություն էր անում, Կարմիր Շուկայում դպրոց ու մանկապարտեզի շենք էր սարքում, ձեռքից ամեն գործ գալիս էր: Ընկերները մականունը Հերոս էին դրել: Հանկարծ մեկի մատը փուշ մտներ, մեկի գործը մի քիչ լավ չլիներ, կանչում էին` էն սիսիանցի Հերոսին ասեք թող գա, մենակ ինքը կարա օգնի: Երբ Կարենի զոհվելուց հետո նախկին աշխատակիցներն ու ղեկավարները այցելել են հարազատներին, խորը ցավով ու ափսոսանքով են խոսել ոսկե ձեռքեր ու ոսկի հոգի ունեցող Կարենի մասին, քանիցս կրկնել` մենակ տեսնեք` ի՜նչ գործեր է արել, ասես` ձեռք կպած չլինի, բայց պատերազմը քանդեց-ավերեց ամեն ինչ:

Անծանոթ մարդկանց տան շեմին դիմավորող ճերմակած մազերով երիտասարդ տանտիրուհու դեմքին տագնապ կար ու սպասում: Ինքնաբերաբար ասացի` մի՛ վախեցեք… Երիտասարդ կինը վերջին շրջանում այնքան վիշտ ու ցավ է տեսել, որ լավ բանի սպասում, կարծես, չուներ: Չէ՛, ունի: Տղային եւ փեսային 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո սպասում է հոկտեմբերի 2-ից անհայտության մեջ գտնվող եղբորորդու մասին սիրտ ամոքող մի լուրի, հուսավառող մի տեղեկության, մի բարի խաբարի, որ սպասման ցավից ու հիվանդությունից այս աշխարհը լքած եղբոր` Գագիկ Սարուխանյանի գերեզմանին լուր տանի նրա որդու` Միքայելի մասին. զորացրվելուց 4 ամիս հետո նրան տարել էին Գորիսից, ու մինչ օրս հարազատները որեւէ տեղեկություն չունեն Միքայելի մասին: Սրտի անհանգիստ թրթիռով տիկին Գոհարը սպասում է մեկ էլ ավագ որդուն` 34-ամյա Բենիկին, որ վերադառնա Ռուսաստանից, ամուսնանա, ուրախությունից, եռուզեռից զրկված այս օջախում խինդ բերի, թոռան բերկրանք բերի, ապրելու իմաստ:

Իմանալով մեր այցի նպատակը, ճերմակաթույր մազերով 55-ամյա տիկին Գոհարը մի պահ լռում է, հետո հյուրընկալ տանտիրուհու բարյացակամությամբ սուրճ առաջարկում, ապա` փլվում ինքն իր անդարման ցավի վրա, փղձկում, ասում, որ իրեն ուղղված մի հասարակ` «ո՞նց եք» հարցն էլ է հիմա սիրտը լցնում, դրանով էլ է մխիթարվում, ուր մնաց` Կարենի պատմությունը գրելու նպատակով իր տուն եկած լրագրողի այցից չհուզվի: Կարենի նման տղա կորցրած մայրը հիմա էդ տեսակ բաներից էլ է զգացվում, հուզվում, արտասվում, նաեւ` շնորհակալ լինում, որ Կարենին հիշում ենք, իրենց այցելում ենք:

Կարենը ծնված օրվանից նեղություն չի պատճառել մորը, խելոք էր, լսող, սիրուն: Իսկապես` սիրուն: Նկարներին նայելիս զգում ես կամային բնույթը, նպատակասլաց հայացքը, խոհուն աչքերը: «Կարենս ուրիշ էր, իրոք, ուրիշ, որ գովեմ, կասեն` իր տղան է, գովում է, գյուղի լավագույն տղաներից էր, կարող ես բոլորից հարցնել: Էնքան խելոք, էնքան քթածակով, ջոկովի: Մի բան էլ եմ զգացել` մեր բոլոր տղաներն էլ ջոկովի էին, անխտիր` բոլորը, ամենայուղալի պատառը, ամենաընտրովի սերունդը: Էն որ ցորենը խախալում ես ու ամենաառողջ, ամենալավ հատիկները բարձրանում են մաղի երեսին, մեր տղաներն էդ ոսկեսերմն էին, սերուցքն էին, որ պիտի ծլեին-ծաղկեին, բայց զոհվեցին էս տարօրինակ պատերազմում: Բոլորի համար էլ ցավում եմ»,- ասում է Կարեն Իսրայելյանի մայրը` Գոհար Սարուխանյանը, հետո պատմում, որ որդին թեեւ ուսման հետ սեր չուներ, բայց ձեռքերով հրաշքներ կստեղծեր, քարի, երկաթի, մեխանիզմի, մեքենայի, ծառի, թփի, ծաղկի մեջ հոգի ու ոգի կդներ»։


Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր