211652_close_icon
views-count542 դիտում article-date 15:03 05-05-2022

Արտադրական կանեփի փորձաքննությունը ժամանակավորապես կիրականացվի կառավարության նշանակած լաբորատորիայում

Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերահսկողության շրջանակներում արտադրական կանեփի (արտադրանքի) փորձաքննություն իրականացնող լաբորատորիա նշանակելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջով առ այն, որ արտադրական կանեփի (արտադրանքի) համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով անհրաժեշտ է փորձաքննության իրականացում, որը վերահսկողության շրջանակներում պետք է իրականացնի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը դեռևս չունի համապատասխան լաբորատոր կարողություններ, ուստի  մինչև դրանց ձևավորումը լաբորատոր փորձաքննությունները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության նշանակած լաբորատորիայում։

Նշենք, որ օրենքի 45.2.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը օրենքով սահմանված նպատակներով և գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Կանեփի արտադրական  լինելու փաստը  պարզելու միակ մեթոդը դա լաբորատոր փորձաքննությամբ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը պարզելն է, որը արտադրական կանեփի դեպքում պետք է հավասար կամ ցածր լինի է 0,3 տոկոսից։ Հակառակ դեպքում կանեփը արտադրական համարվել չի կարող և, կհանդիսանա ՀՀ-ում արգելված թմրամիջոց։

Նմանատիպ նյութեր