211652_close_icon
views-count1639 դիտում article-date 10:27 05-05-2022

Ինչպես ստուգել ուժերի հարաբերակցությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն քաղաքական ուժերը, որոնք այժմ փողոցում փորձում են հեղափոխություն հասունացնել, ունեն լուրջ թերություններ, թույլ են տվել խոշոր սխալներ՝ ինչպես անցյալում, այնպես էլ 2018 թվականից հետո: Պարզ է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ կան հիմնավոր պատճառներ՝ այդ շարժմանը չմիանալու: Սկսեմ, ինչպես ասում են, ինձնից. ես չեմ կարող համակրել մի շարժմանը, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են նշել այդ կամ որեւէ ուրիշ, «հարակից» այլ պատճառներ, թե ինչու են նրանք ձեռնպահ մնում փողոց դուրս գալուց՝ չնայած ներկայիս իշխանության քաղաքականությունը նրանց նույնպես չի բավարարում:

Բայց դա վերաբերում է մեզ՝ շարքային քաղաքացիներիս: Քաղաքական գործիչների, կուսակցապետերի պարագան այլ է՝ նրանք պարտադրված են այս կամ այն ձեւով, այս կամ այն կողմից մասնակցել քաղաքական գործընթացներին: Միանգամից մի կողմ եմ դնում նրանց, ովքեր, ըստ էության ՔՊ-ական են, բայց «թաքնվում են» (երբեմն ոչ այնքան վարպետորեն) այլ կուսակցությունների անվան տակ. այդ մարդկանց գործը իշխանությունների քարոզչական թեզերը կրկնելն է: Օրինակ՝ որ փողոցում ցույցեր անողները ձգտում են իշխանության: Կարծես թե՝ դա ինքնին հասկանալի եւ բնական չէ, եւ ՔՊ-ականներն, իրենց հերթին, չեն ձգտում պահել իշխանությունը, իսկ 2018 թվականի գարնանը նրանք չէին պայքարում իշխանության համար:

Սակայն տեսնենք, թե ինչ են ասում իսկապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք ասում են, որ թե՛ իշխանության եւ թե՛ փողոցում գտնվող ընդդիմության օրակարգը սխալ է, եւ երկուսի կողմից առաջարկվող ճանապարհով գնալու դեպքում մեր պետությանը լավ բաներ չեն սպասում: Դրա հետ, թերեւս, կարելի է համաձայնել, բայց այդ դեպքում պետք է առաջարկել սեփական օրակարգը եւ տեսնել՝ արդյո՞ք քաղաքացիները պատրաստ են գնալ դրա հետեւից: Եթե պատրաստ չեն, խոսակցությունն ավելորդ է:

Իշխանությունը քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում ընտրում է քաղաքացիների մեծամասնությունը: Կխուսափեմ մեր պարագայում «ժողովուրդ» բառից, քանի որ հայ ժողովրդի մասին ավելի լավ կարծիքի եմ: Ընդդիմությունը նույնպես քաղաքացիներն են ընտրում՝ ոչ միայն քվեատուփի մոտ, այլեւս, ասենք, հանրահավաքներին մասնակցելով: Ըստ այդմ, ներկայիս իշխանությունն ունի հարյուր հազարավոր կողմնակիցներ, ներկայիս փողոցային պայքար մղող արմատական ընդդիմությունն ունի տասնյակ հազարավոր կողմնակիցներ, ինչը լիովին բավարար է հասարակության խիստ բեւեռացման եւ պառակտման մասին խոսելու համար: Մնացած կուսակցություններն ունեն հարյուրավոր կամ հազարավոր աջակիցներ: Եթե թվի առումով այդ կուսակցությունների ներկայացուցիչներն ինձ հետ համաձայն չեն, թող փորձեն իրենց կողմնակիցներին դուրս բերել փողոց: Եթե նրանք 10.000-ից շատ լինեն, ուրեմն ես սխալվում եմ: Եթե քիչ լինեն՝ ուրեմն ոչ մեկից պետք չէ նեղանալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր