211652_close_icon
views-count50161 դիտում article-date 18:40 03-05-2022

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 41-ամյա տղամարդը հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ ջրահեղձ է եղել, ջուրը քշել է նրան, իսկ դին փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են ընկնելու վայրից մի քանի կմ, հեռավորության վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել,  որ Այգեշատ գյուղի ջրատարը քաղաքացի է ընկել և ջուրը քշել, տարել է:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Հրշեջ-փրկարարները, ոստիկանները, Վաղարշապատի ջրօգտագործման ներկայացուցիչները, Երևանի «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները  գյուղացիների հետ մոտ 10 կմ շառավղով կատարել են որոնողական աշխատանքներ և ժամեր անց դեպքի վայրից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Արագած գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դին: Այն դուրս են բերել հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ պարաններ, ապա պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Դիակի հայտնաբերման  վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Ղուկասյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 41-ամյա Ս. Շամոյանն էր, ով նկատել է, որ իր հորթը ընկել է ջրատարի մեջ և նետվել է հորթի հետևից, սակայն, քանի որ ջուրը վարար է եղել և՛ հորթին և՛ իրեն քշել, տարել է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր