211652_close_icon
views-count40949 դիտում article-date 19:11 02-05-2022

Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչներն ասում են. «Վեոլիա Ջուր»-ը մեկուկես ամիս է, մեզ համար դարձել է «7 գլխանի դև». 21-րդ դարում վճարումը կատարում ես, փոխարենը՝ ոչինչ չես ստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկուկես ամիս է, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց  23, 25 և 30 շենքերի բնակիչները հայտնվել են հայտնի հեքիաթի  հերոսների դերում:

Այսօր՝ մայիսի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեկուկես ամիս է, չգիտենք էլ ում դիմենք: Դեռ սովետական տարիներից կանոնավոր  ու որակյալ ջուր ենք ունեցել: Մինչև  ամենավերևի հարկ ջուրը ստանում էինք: Վճարումներն էլ առանց ուշացման կատարում էինք:

Ապրիլին «Վեոլիա Ջրից» եսիմ որ մի «ծակ պռոֆեսորի» մտքով անցնում է, որ մեր շենքերը սնուցող ջրի պոմպակայանից  պետք է անջատումներ կատարվի ու դա անում են և դրանից հետո բոլորս հայտնվում ենք անելանելի վիճակում: Ջուրը մեծ դժվարությամբ ճլճլալով հազիվ  2-րդ հարկ է հասնում:

130-140 բնակարան կա, բոլորս մնացել ենք առանց ջրի, բայց որպես պարտաճանաչ քաղաքացի, որպես պարտաճանաչ սպառող, վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը՝  «Վեոլիա Ջրից»  լսում ենք Գյուլնազ տատու հեքիաթները, թե  ամեն ինչ օկ է:

Նրանց աշխատողները մեր ահազանգերից հետո բարեհաճեցին ու համոզվեցին, որ մենք ճիշտ ենք, նույնիսկ ասում էին՝ զարմանում ենք, թե ոնց ջուրը 2-րդ հարկից վերև չի գալիս: Զարմացան ու գնացին:

Մենք էլ մտածեցինք, որ քանի որ սեփական աչքով տեսել են, որ մենք իրավացի ենք, կլուծեն խնդիրը, բայց գնացին, դարձան «Նոյի ագռավ»:

Ասում են՝ պահպանեք սանիտարահիգիենիկ կանոնները:  Կորոնայով չվարակվելու պահանջներից մեկն էլ հաճախակի լվացվելն է, էլ չենք ասում լողանալու  և լվացքի մասին: Տներ կան, որ լվացքը կուտակվել ու դեզի բոյի է դարձել: Էստեղից, էնտեղից ջուր ենք հայթայթում, որ գոնե երեխեքին կարողանանք մաքուր ուղարկենք դպրոց, մանկապարտեզ:

Չգիտենք, էլ ում դիմենք, մեր կարծիքով այս հարցում իրենց  վճռական խոսքը պետք է ասեն նաև հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի անդամները, բայց նրանց էլ դիմում ենք՝ «լոլո են կարդում»: Կարծես «Վեոլիա Ջրի» հետ խոսքները մեկ արած լինեն՝ ոչ ի շահ բնակչի ու սպառողի:

Շաբաթ, կիրակի  օրերի մասին էլ խոսք չկա: էդ օրերին ասես 7 գլխանի դևը  եկած, նստած լինի ջրի պռնկին: Մենք պահանջում ենք, որպեսզի «Վեոլիա Ջուր»-ը իր պարտավորությունները կատարի, հակառակ դեպքում՝ կարող ենք պնդել, որ նրանք սպառողներիս հաշվին հարստանում են, բայց մենք ոչ մի դրական փոփոխություն չենք զգում»:            

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր