211652_close_icon
views-count2207 դիտում article-date 22:13 01-05-2022

Հենց Եռաբլուրում կազդարարենք, որ «մենք արժանի ենք հաղթանակին, երբ միասին ենք». Magnis.news

Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է։ 30 տարի առաջ մենք որոշեցինք և արեցինք։ Կարողացանք, որովհետև ՄԻԱՍԻՆ էինք, ունեինք մեր «Ինչուն»։ Եվ դա բարձր էր ու մեծ։ Եվ առաջնորդող էր․․․

Մենք հաղթեցինք, որովհետև հարաբերականորեն ուժեղ էինք, հաղթական էինք, կենտրոնացված, մոբիլիզացված, կազմակերպված և մոտիվացված։ Հաղթեցինք, քանի որ կար հստակ առաջնորդող ձայն ու կար որոշում։ 30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր զոհի ու անօգնականի բարդույթը։ Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։ Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

• 30 տարի հետո մենք կանգնել ենք ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի, որպես պետություն լինել չլինելու առաջ։

• 30 տարի հետո մեր հազարամյակների տեսակը դեռ ապրում է լուրջ ազգային, գոյաբանական ու արժեքային ճգնաժամ․ չգիտենք ուր ենք գնում և ԻՆՉՈՒ։ • Իրապես չի գործում ազգային ու պետական որևէ ինստիտուտ։

• Չունենք ազգային, պատասխանատու և սրտացավ վերնախավ, առաջնորդող ուժ ։ • Մեր մտավորականներն էլ իրենց շարունակում են դրսևորել իբրև վարձու երգիչներ՝ անհայրենիք, անսկզբունքային։

• Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին խոսելն նույնիսկ անիմաստ է։ Ձեռքերը լվացել են բոլորը։ Իրար մեղադրում են բոլորը։ Առկա իրավիճակում իրեն մեղավոր է համարում ՈՉ ՈՔ։ Ու փոխարենը կա աղմուկ, որ չունի բովանդակություն և բնականաբար չի տանում միասնականացման։ Կա աղմուկ, որի իմաստը ինքնարդարացումն է՝ սեփական սխալը ուրիշի սխալի հետևում քողարկելը։

Ընդ որում, որքան շատ են ուզում արդարանալ, այնքան ավելի մոլեգին են իրար քննադատում, մեղադրում ու հայհոյում։ Հանգստացե՛ք։ Դուք բոլորդ էլ հանցագործ եք ու պատասխանատու (լինեք հին, թե ավելի հին) ․․․ Ավելին ասեմ, ձեր հանցանքի մեջ պատասխանատու ենք նաև մենք, քանի որ մեր լռելյայն համաձայնությամբ եք մսխել մեր պետականությունն ու հաղթանակը։ Այսօր խոսվում է նշաձողերից, դրանց բարձրությունից կամ ցածրությունից։

Ընդ որում, խոսվում է ոչ թե հիմնավոր ու կառուցողական, այլ շահարկող ու հատվածային։ Մինչդեռ մեր իրական նշաձողը մեր իրականությունն է , որ հենվում է իրողության վրա։ Այդպիսին է մեր ներքին ու արտաքին կշիռը և դրա հետևանքը, որին մենք հետևողականորեն հասել ենք ձեր շարունակական խաղերով։ Այո՛, մեր նշաձողը պիտի բարձր լինի, բայց ոչ անիմաստ ու անպատասխանատու ճամարտակելով, առավել ևս նրանց կողմից, ովքեր կռվի ժամանակ մոտ էլ չեն գնացել առաջնագծին և իրենց ու իրենց հարազատների գիտակցված բացակայությամբ ունեն իրենց մեղքի լուրջ բաժինը մեր զոհված տղերքի առաջ։

Այո՛, մեր նշաձողը պիտի բարձր լինի մեր ազգային կազմակերպված ու հետևողական քայլերով, հստակ կեցվածքով։ Այն պիտի միտված լինի ազգային ու արդարության մթնոլորտի ու դրա զգացողության ապահովմանը։ Հասկանալի ու բաց խաղի կանոնների հաստատմանը։ Այն պիտի միավորի մեր ներուժը, բարձրացնի մեր դիմադրական ուժը, մեր կշիռը, հեղինակությունը, ինքնագնահատականը։ Սա է ծնողը ՄԵՆՔ-ի մթնոլորտի։ Սա է ծնողը ՄԵՐ-ի մթնոլորտի։ Եվ սա է կոչվում հայրենիք, որի համար ոչ միայն կարելի է մեռնել, այլ նաև կարելի է ապրել․․․

Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը, արդեն ավանդաբար, մենք երթով կշարժվենք Եռաբլուր։ Կշարժվենք ժամը 15։00 –ին Շառլ Ազնավուրի հրապարակից (Կինո Մոսկվայի հարևանությամբ)։ Կգնանք մեր հերոս նահատակների նկարներով, նրանց հետ, նրանց կողքին․․․ Եվ հենց Եռաբլուրում կազդարարենք, որ «մենք արժանի ենք հաղթանակին, երբ միասին ենք»։ ՄԻԱՅՆ ԵՐԲ միասին ենք։ Սա է մեր բարձր նշաձողի, և ընդհանրապես նշաձողի բարձրացման ամենակարևոր և թերևս միակ ճանապարհը։ Եկեք, եթե ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․

Աղբյուրը՝ Magnis.news
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր