211652_close_icon
views-count1346 դիտում article-date 12:00 01-05-2022

Այս տոնական օրը մենք մեծարում ենք աշխատանքն ու աշխատավոր մարդուն. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։

Այս տոնական օրը մենք մեծարում ենք աշխատանքն ու աշխատավոր մարդուն։

Հայերս միշտ աչքի ենք ընկել բացառիկ աշխատասիրությամբ, բարեխղճությամբ, հմտությամբ, գործարար և ստեղծագործ հատկանիշներով։ Աշխարհի տարբեր անկյուններում մեր հայրենակիցները, իրավամբ, ունեն աշխատելու, ստեղծելու և արարելու բարի համբավ, իրենց ոլորտներում հասնում են հաջողությունների՝ վայելելով համընդհանուր հարգանք և վստահություն։

Այսօր մեր առաջնահերթ խնդիրը հայրենիքի շենացումն է՝ տնտեսության զարգացումը, երկրի կարողությունների ընդլայնումը, և այդ ճանապարհին անհրաժեշտ է գործի դնել ազգային այն որակները, որոնք գնահատում և որոնցով հիանում է ողջ աշխարհը։

Ժողովրդի սոցիալական խնդիրների լուծումը, գործազրկության և աղքատության հաղթահարումը շարունակում են արդիական մնալ մեր երկրում։ Անելիքները շատ են և, այդուհանդերձ, առաջնային են աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանվածության, աշխատանքային պայմանների բարելավման հարցերը։

Կարևոր է պետության և գործարար համայնքի համագործակցության զարգացումը, բիզնեսի սոցիալական պատասխանատվության բարձրացումը։

Վերստին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վաստակ, քաջառողջություն և արևշատություն։

Ամենայն բարիք բոլորիս ընտանիքներին։ 

Նմանատիպ նյութեր