211652_close_icon
views-count1203 դիտում article-date 17:00 30-04-2022

Արցախի նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը անհրաժեշտ են համարում սփյուռքի հետևողական աջակցությունն՝ ի նպաստ Արցախի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում, և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու ջանքերը շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։

 Նորին Սրբությունը և Արցախի նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։

Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թեմի գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։

Նմանատիպ նյութեր