211652_close_icon
views-count9501 դիտում article-date 10:46 30-04-2022

Տիգրան Ներսիսյան. Եթե հայ մարդն ադեկվատ է, չի կարող սա նորմալ ընդունել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քո երկիրը միակն է, երկրորդը չկա, այլընտրանք չկա: Բնական է, որ կա անհանգստություն, ցավ, կորստի մեծագույն զգացողություն: Երկիրն այսօր պարզապես վտանգված է, երկիր ասելով՝ նաև Արցախը նկատի ունեմ՝ Արցախի այն մասը, որ կորսված է, տրված, և այն փոքրիկ հատվածը, որ մնացել է: Արցախն այսօր ապահովագրված չէ, վտանգված է: Մեր թշնամին շարունակում է իր հռետորաբանությունը, որ Արցախն ամբողջությամբ իրենն է, Հայաստանի այս կամ այն շրջանն իրենն է: Նման հայտարարություններ գրեթե ամեն օր ենք լսում, այսպես կարող են գալ ու հասնել Երևան: Արցախով ամեն ինչ չի ավարտվել: Պարտվող կողմի, պարտվողի հոգեբանություն ունեցողի հետ այդպես են խոսում, իհարկե, դրա տակ գեղեցիկ փաթեթավորումներ են դնում՝ խաղաղություն և այլն»,- «Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ անդրադառնալով բոլորիս շրջանում առկա տագնապային տրամադրություններին, Արցախն ու Հայաստանի պետականությունը կորցնելու ահազանգերին:

Նշում է՝ խաղաղության, ճանապարհները բացելու, առևտրաշրջանառություն սկսելու, մի խոսքով՝ «հարևանություն» անելու հայտարարություններին զուգահեռ թշնամին շարունակում է իր հանցագործությունները՝ խաղաղ բնակիչներ է սպանում: «Եվ այս պարագայում դրական ինչ-որ բան տեսնելն ադեկվատ մարդու պահվածք չէ: Եթե հայ մարդն ադեկվատ է, չի կարող սա նորմալ ընդունել, եթե, իհարկե, չունի այլ շահեր, օրինակ՝ գումարային, գուցե իրենց արյան կանչն է, ասել եմ, չէ՞, ԴՆԹ անալիզ անցկացրեք, տեսեք՝ գուցե ձեր արյան մեջ ուրիշ արյուն է խառնված»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հասարակության մասին: «Մարդիկ կան, որոնք խորապես գիտակցում են, թե ինչ տեղի ունեցավ, մարդիկ կան, որոնք որևէ կերպ չեն արձագանքում այս ամենին: Շատերն իրենց տան դռնից կես մետր այն կողմ չեն տեսնում: Երկու հարևան կարող են մի քանի սանտիմետրի համար կռիվ անել, բայց երկիրն այսօր հեկտարներով, կիլոմետրերով խլում են, տանում, բայց շատերի մոտ բացարձակ անտարբերություն է: Նրան հետաքրքրում է իր տան դուռը, պատի կողքի տարածքը, դրա համար վեճը դրկից հարևանի հետ անգամ մարդասպանության կարող է հասնել, բայց հայրենիքը տալիս են, անտարբեր են: Իհարկե, ազգի մեծամասնությունն այդպես չի մտածում, գիտակցումը կա, բայց այն արթնացնելը և մարդուն գործողությունների մղելն է կարևոր»,-ասում է դերասանը:

Ի դեպ, նա ունի նաև այն հարցի պատասխանը, թե ինչու շատերը ոտքի չեն կանգնում: «Մարդիկ բազմիցս խաբվել են, հույսեր են ունեցել, որոնք ի չիք են դարձել: Պետք է մարդկանց հավատը հետ բերել, իսկ դա շատ դժվար է: Շատերին թվում է, թե դա շատ հեշտ գործ է՝ ամեն անգամ հավատազրկել մարդուն, իսկ հետո, երբ ոտքի կանգնելու կոչ արվի, նա անմիջապես կմիանա պայքարին»,-նշում է Ներսիսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր