211652_close_icon
views-count1308 դիտում article-date 10:39 30-04-2022

Երկու տիպի «հասարակ ժողովուրդներ»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե փորձենք հակիրճ բնութագրել ցանկացած երկրում քաղաքական պայքարի ամենապարզունակ ձեւը (որը երբեմն «պոպուլիզմ» են անվանում), ապա որպես հիմնական գործիք կարելի է առանձնացնել հետեւյալ սխեման՝ կա «հասարակ ժողովուրդ» եւ կա «վերնախավ», եւ տվյալ քաղաքական ուժը, բնականաբար, մարմնավորում է առաջինի շահերը, այսպես ասած՝ «դուրս է եկել նրա ծոցից»:

Ընդ որում, «հասարակ ժողովուրդը», այդ սխեմայի համաձայն, ինչ-որ ստատիկ համույթ է, որի անդամներն ունեն մշտական ընդհանուր արժեքներ եւ բոլոր հարցերի միակ ճիշտ պատասխանը:

Երբ իշխանության են գալիս «հասարակ ժողովրդի կամքն» արտահայտող մարդիկ, նրանք իրենց լիազորություններն իրականացնում են անմիջականորեն՝ ներկայացուցչական մարմինները, կուսակցությունները, հասարակական կառույցները, թեեւ կան, բայց երկրորդական դեր են խաղում:

«Հասարակ ժողովրդի» մունետիկների հիմնական առաքելությունն է՝ պաշտպանել այդ «ժողովրդին» «վերնախավից», ինչպես նաեւ մրցակից քաղաքական խմբերից, որոնք «վերնախավի սպասարկուներն» են: «Հասարակ ժողովուրդն», այդպիսով, իդեալականացված է (օրինակ, «իսկական հայ», «հայրենասեր», «հպարտ քաղաքացի» եւ այլն), իսկ վերնախավը՝ դեմոնացված. կախված քաղաքական համատեքստից՝ այդ դերը կարող են ստանձնել «օլիգարխները», «կոռումպացվածները», «դավաճանները», «թուրքամետները», «հինգերորդ շարասյունը», «պուտինականները», «սորոսականները», «մասոնները», «հրեաները» եւ այսպես շարունակ:

Ի դեպ, Հայաստանի պարագայում ամենահուզիչն, իհարկե, «հինգերորդ շարասյունն է»: Իշխանության կողմնակիցներն այդ պիտակը կպցնում են փողոցային ցույցեր անող ընդդիմադիրներին՝ նկատի ունենալով, որ այդ ցույցերը հրահրվում են Կրեմլից:

Մինչդեռ ակնհայտ է, որ նույն Կրեմլն ամեն ինչով աջակցում է Փաշինյանին եւ աջակցելու է այնքան ժամանակ, մինչեւ Արցախի խնդրում չարձանագրվի Ռուսաստանի համար ցանկալի «status quo»-ն:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այժմ Հայաստանում ձեւավորվել է երկու տիպի «հասարակ ժողովուրդ»: «Հասարակ ժողովուրդ -1»-ը «հպարտ քաղաքացիներն» են, որին նրա շահերն արտահայտողները (իշխանավորները) պաշտպանում են «կոռումպացված էլիտայից» եւ նրա «սպասարկուներից»:

«Հասարակ ժողովուրդ-2»-ը «հայ հայրենասերներն են», որոնց շահերը պետք է պաշտպանել «թրքամետ էլիտայից»՝ իշխանություններից:

Որ այդ երկու «ժողովուրդները» «հասարակ» են, ես դրանում որեւէ կասկած չունեմ՝ երկուսն էլ «վերնախավի» դեմ պայքարում են նույն արտահայտություններով, նույն մեթոդներով, նույն թշնամանքով: Բայց իրականում, իհարկե, այդ ամբողջ սխեման հնարված է երկու ճամբարների քաղաքական գործիչների կողմից. չկա միասնական եւ ստատիկ «հասարակ ժողովուրդ»՝ կան տարբեր սոցիալական խմբեր, որոնք հետապնդում են տարբեր շահեր: Կան, անշուշտ, նաեւ ազգային, բոլորին միավորող շահեր, սակայն նկարագրված երկու բեւեռները դրանք չեն կարողանում ձեւակերպել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր