211652_close_icon
views-count4000 դիտում article-date 10:35 29-04-2022

Մեծ Բրիտանիան բացում է փակագծերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուշագրավ հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը չորեքշաբթի Լոնդոնի քաղաքապետի լորդ-քաղաքի նստավայրում տեղի ունեցած Զատկի խնջույքի ժամանակ. նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պետք է դառնա համաշխարհային կազմակերպություն, որպեսզի կարողանա լուծել համաշխարհային խնդիրները: «Մեզ պետք է գլոբալ ՆԱՏՕ: Դա ասելով՝ ես նկատի չունեմ, որ անհրաժեշտ է ընդլայնել անդամակցությունն այլ տարածաշրջանների երկրներին: Նկատի ունեմ, որ ՆԱՏՕ-ն պետք է ունենա գլոբալ տեսլական, գլոբալ սպառնալիքներին դիմակայելու պատրաստակամություն,- ասել է բրիտանացի պաշտոնյան, ապա շարունակել- ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն անձեռնմխելի է: Մենք նաեւ մերժում ենք կեղծ ընտրությունը եվրատլանտյան եւ հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության միջեւ: Այսօրվա աշխարհում մեզ երկուսն էլ պետք են»։

Արտգործնախարարը նաեւ նշել է, որ ուժի դեմ ուժ կիրառելու հավակնությունը «ճիշտ քայլ է առաջատար պետության համար, որը լիովին բխում է բրիտանացիների շահերից»։ Այդ օրերին հրապարակվել էր անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերի համապարփակ վերանայման ճանապարհային քարտեզը, որտեղ Ռուսաստանը բնութագրվում էր որպես Միացյալ Թագավորության անվտանգության ամենասուր սպառնալիք։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը փաստաթուղթն անվանել է «սառը պատերազմից ի վեր երկրի պաշտպանական ռազմավարության ամենախորը վերանայումը»։

Ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ առճակատմանը Մեծ Բրիտանիան վաղուց էր նախապատրաստվել՝ միաժամանակ հայտ ներկայացնելով ավելի ակտիվ եւ առաջնային դերակատարություն ունենալ համաշխարհային զարգացումներում։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել արդեն ներկայիս ԱԳ նախարար Լիզ Թրասի խոսքը, որ պետք է շարունակել զենք մատակարարել Ուկրաինային, քանի որ «զգուշության ժամանակն անցել է»։ «Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինայի հետ մեկտեղ Արեւմտյան Բալկանները եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոլդովան եւ Վրաստանը, ունենան անվտանգության սահման եւ կարողություն՝ պահպանելու իրենց ինքնիշխանությունն ու ազատությունը»,- ասել է Թրասը:

Այլ կերպ ասած, այս օրերին Բալկաններում, ինչպես նաեւ Մոլդովայում առկա հակամարտությունների ապասառեցումը տեղավորվում է բրիտանական նոր աշխարհակարգի ստեղծման ծրագրերում։ «Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարում եւ կրկնապատկենք մեր աջակցությունն Ուկրաինային։ Ծանր սպառազինություն, տանկեր, ինքնաթիռներ. մենք պետք է ավելի լավ փնտրենք մեր պաշարներում, ավելացնենք արտադրությունը»,- ասել է նախարարը՝ կոչ անելով միաժամանակ ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի վրա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր