211652_close_icon
views-count1051 դիտում article-date 16:55 28-04-2022

Գեղարքունիքի մարզում կշարունակվեն Ֆրանսիայի Իզերի մարզի հետ համագործակցությամբ իրականացվող զարգացման ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի եւ Գրենոբլ քաղաքի   պատվիրակությանը, որի ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից,  հանդիպումը կայացել է   Գեղարքունիքի մարզ-Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ 

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության կազմում են եղել կրթական, առողջապահական, զբոսաշրջության, մշակույթի, այլընտրանքային  էներգետիկայի  ոլորտների  պատասխանատու աշխատակիցներ։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ողջույնն է  հղել  Իզերի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Կուրտոյին, երախտագիտություն հայտնել նրան  եւ Ֆրանսիայի կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին ընդառաջելու եւ  ֆինանսապես աջակցելու, կողմերի միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու համար։

Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչն  էլ Գեղարքունիքի մարզպետին է փոխանցել դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Կուրտոյի ողջույնը, հույս հայտնելով, որ համագործակից կողմերի ղեկավարներն առաջիկայում հանդիպելու հնարավորություն կունենան։ Այնուհետ  Ֆրանսիայից ժամանած ոլորտային պատասխանատուները խոսել են  Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում  Գեղարքունիքի մարզի  տարբեր համայնքներում եւ բնակավայրերում  իրականացված, ընթացքի մեջ գտնվող եւ հեռանկարային  ծրագրերի մասին։ Քննարկվել է  մարզի դպրոցականների շրջանում արդեն տարիների պատմություն ունեցող ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների  անցկացման, դրանց ընդլայնման, մշակութային մի շարք ծրագրերի իրականացման  մասին։  Ներկայացվել է «ԱՖՐԱՏ»    գյուղական տուրիզմի  զարգացման ծրագրերի  մասին, որոնք միտված են վերապատրաստումների միջոցով լեռնային բնակավայրերում զարգացնել գյուղական տուրիզմը։    Ըստ ոլորտի պատասխանատուի՝ ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է մարզում իրականացնել էկոտուրիզմին եւ ձիարշավային տուրիզմին վերաբերող ծրագրեր։

Առողջապահության  ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ նոր ներդրումների  շրջանակներում նախատեսվում են  հերթական բուժկետերի վերանորոգումներ, վերազինումներ եւ վերապատրաստումներ՝  ծրագրում ընդլայնելով գյուղական բնակավայրերի թիվը։ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցությունը փորձում է կայանալ եւ ընդլայնվել նաեւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս ուղղությամբ առայժմ ծրագիր է իրականացվում Սեւան համայնքում։

 Աշխատաժողովի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ներկայացուցիչներին՝  կատարված  և նախատեսվող ծրագրերի մասին հանգամանալից տեղեկատվություն  ներկայացնելու համար, իր երախտագիտությունը հայտնել   այն կառույցներին, որոնց աջակցության արդյունքում  մարզում կյանքի են կոչվում բազմաոլորտ ծրագրեր։ 

Աշխատաժողովից հետո Իզերի պատվիրակության  ներկայացուցիչները ճանաչողական այց են կատարել   Գավառի երկրագիտական թանգարան եւ քաղաքի այլ կրթամշակութային հաստատություններ։  

Նմանատիպ նյութեր