211652_close_icon
views-count2962 դիտում article-date 23:12 26-04-2022

Գյումրիի թիվ 45 միջնակարգ դպրոցի բակում բացվեց և օծվեց խաչքար՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած ավագ հրաձիգ Ռաֆիկ Սահակյանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 25-ին, Գյումրիի թիվ 45 միջնակարգ դպրոցի բակում բացվել և օծվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ զոհաբերած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ՌԱՖԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ։

Ապրիլի 25-ին նա կդառնար 20 տարեկան։ Միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, հերոսի մայրը «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրակսն ՀԿ նախագահ Վարդուհի Մանուկյանը, անմահացած զինվորների ծնողներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

«Այսօր նշում ենք մեր սիրելի Ռաֆոյի կենդանի ծնունդը։ Ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, մեր հերոսներն անմահ են և նրանք ապրում են մեր սրտերում այնքան ժամանակ, որքան մենք նրանց հիշում ենք։ Տեղին է այստեղ հիշել Սպարապետի խոսքերը, մեր թշնամուն սնում են մեր վախերը, մեր ցավն ու մեր հիմարությունը, ուրեմն պետք է կարողանանք փարատել մեր վախերը, պետք է ամոքենք մեր ցավը և պետք է այնքան իմաստություն ունենանք, որ ազգովի բռունցքվենք և միահամուռ կերպով պահենք մեր հայրենիքը։ Մարտի դաշտում տղաներն արել են առավելագույնը։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պատգամ ունի հայրենիքի համար անել առավել քան։ Այստեղ ներկա են հերոսածին մայրեր, ես իմ խոնարհումն եմ բերում, դուք ապրեք այն գիտակցումով, որ հերոս որդիներ եք ունեցել և դա ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար առավելագույն արժեք է։ Խոսքերը կարող են ձեզ չամոքել, բայց ձեր որդիների սխրանքով մեր ապագա սերունդներին դուք պատգամ ունեք փոխանցելու»,- նշեց Շիրակի մարզպետը։

Խաչքարի օծումից հետո, Գյումրիի ժողգործիքների նվագախումբը հուշ ֊համերգով է հանդես եկել ի հիշատակ Ռաֆիկ Սահակյանի։

Ռաֆիկ Սահակյանը, ծնվել է 2002 թվականի ապրիլի 25֊ին, Գյումրիում ։ Զբաղվել է սպորտով։ 2020 թվականի հուլիսից ծառայել է Ջրականի զորամասում։

Սեպտեմբերի 27֊ից կռվի է ելել նենգ թշնամու դեմ։ Մարտնչել է «Չռիկների» տեղամասում, Արալեռան զորամասի շրջանում, դուրս բերելով զոհված և վիրավոր ընկերներին։

Հոկտեմբերի 7֊ից Հադրութում պայքարել է դիվերսիոն խմբի դեմ, կռվել ու ընկել շրջափակման մեջ։ Վերջին զանգն արել է հոկտեմբերի 12֊ին։

Պարգևատրվել է «Մարտական խաչ 1֊ին աստիճանի» շքանշանով։ 


Նյութը՝  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր