211652_close_icon
views-count90983 դիտում article-date 18:18 26-04-2022

Արտակարգ դեպք Գյումրիում. 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում դեպքի վայրից հնարավոր չի եղել վերացնել հանցանքի հետքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրու բժշկական կենտրոն են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը:

Ոստիկանները պարզել են, որ  նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ Ղանդիլյան 1-ին նրբանցքի 27 տանից:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված հասցե են օպերատիվորեն  ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում տարածքը սահմանազատվել է, ինչի շնորհիվ մարդիկ չեն կարողացել այսպես ասած՝ վերացնել  հետքերը, այն է՝  դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր, արնանման հետքեր և այլ իրեր: Ու եթե պարեկները օպերատիվորեն չժամանեին, հետքերը գուցե վերացվեին:

Դեպքի վայր ժամանած Շիրակի մարզի ոստիկանապետ Ա. Ղազարյանի կարգադրությամբ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են  վիրավորների  ինքնությունը: Նրանք են՝  Շիրակի մարզի բնակիչներ, 49-ամյա Նաիրա Պ.-ն, և  38-ամյա Լևոն Հ.-ն:

Ոստիկաններն ունեն արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր կատարում են դեպքի վայրի զննություն:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր