211652_close_icon
views-count1541 դիտում article-date 21:48 26-04-2022

Զրույցներ, հանդիպումներ ժամանակակից գրողների ու 20-րդ դարի գրողների հարազատների հետ. ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթը

Մեկ շաբաթ շարունակ՝ ապրիլի 18-25-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Ազգային գրադարանային շաբաթի շնորհիվ հայ ընթերցողները հնարավորություն ունեցան մշակութային հագեցած օրերի մասնակիցը դառնալ:

Շաբաթն իրականացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2002թ.-ից սկսած, որին մասնակցող գրադարանների քանակը տարեցտարի ավելանում է: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում բանաստեղծներ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գրական ցերեկույթի հյուրերն էին նրանց հարազատները՝ Դավթյանի դուստրը՝ Հասմիկ Դավթյանը, թոռնուհին ու ծոռնուհին, և Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։

Ցերեկույթներ են անցկացվել նաև նվիրված բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 310-ամյակին և միջնադարյան հոգևորական, աստվածաբան Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուի ստեղծման 1020-ամյակին: Ֆրանսիացի հանրահայտ գրողներ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի ծննդյան 220-ամյակների շրջանակում էլ գրադարանում կազմակերպվել է գրքային ցուցահանդես: Գրադարանի այցելուները այս օրերին հանդիպել են ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանի հետ:

Հեղինակի հետ զրուցել են նրա «Ռեզիդենտը» և «Թակարդ» փաստագրական վեպերի շուրջ: Անց է կացվել նաև մեկ այլ ժամանակակից հեղինակի՝ Սյունե Սևադայի «Կախվածություն» վեպի շուրջ քննարկումը:

Շաբաթի ընթացքում կազմակերպվել են նաև հայ ժամանակակից գրողների գրքային ցուցահանդեսներ, երաժշտական կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթապատումներ գրադարանում և գրադարանից դուրս՝ Վայոց Ձորի մարզային գրադարան այցի շրջանակում:

Նմանատիպ նյութեր