211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:25 25-04-2022

Ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմում մատուցվել է պատարագ

Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվեց պատարագ, որը նախագահեց Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ՝ կարդինալ Լեոնարդո Սանդրին։


Իր խոսքում Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը նշեց, որ «Դարերի ընթացքում հայ սրբերի իմաստությունն ու առավելապես Սուրբ Գրիգոր Նարեկացու կողմից առաջարկվող պատմության խելամիտ ընթերցումը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց հրավիրում է մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս, չմոռանալ ու չթողնել, որ մոռացվի այն, ինչ դեռևս երբեմն ցանկություն չկա ընդունելու կամ բացահայտորեն հերքվում է, բայց ամենից առաջ հրավիրում է մեզ վերաճանաչել այդ մեծ չարիքն ապրած ձեր ժողովրդի որդիների ու դուստրերի հավատքի մեջ դրսևորված հերոսությունը: Ինչպես 21 ղպտի քրիստոնյաները, ովքեր մի քանի տարի առաջ Հիսուսի անունը պահեցին շուրթերին, մինչ դանակը կտրում էր նրանց կոկորդը, այնպես էլ ձեր նախնիները ենթարկվեցին աքսորի, տառապեցին սովից, կանանց ու երեխաների հանդեպ բռնություններից, սպանություններից և շատ այլ չարիքներից՝ երբեք չդադարելով կրկնել Հիսուսի անունը, այդ անունը կապված է Հայաստանի պատմության հետ` նրա 301թ․-ի մկրտությունից ի վեր»։ Իր խոսքում անդրադառնալով անցյալի դաժան գաղափարախոսություններին, կարդինալը հավելեց, որ «․․․Հայոց ցեղասպանությունը, որը մատնվեց լռության, ցավալի նախազգուշացումն էր այն ողբերգությունների, որոնք պիտի ծավալվեին մի քանի տասնամյակ անց»։

Ավանդույթի համաձայն համատեղ ելույթով հանդես եկան Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով, որ «Հայոց ցեղասպանության ուրացումն այն իրականացնողների ժառանգների կողմից, անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին պատերազմը, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով և էթնիկ զտմանն ուղղված այլ գործողություններով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների պատշաճ ճանաչման ու դատապարտման բացակայությունն աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ»։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչներ հայ դեսպաններն ընդգծել են, որ «անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի հետագայում աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման, արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար»:

Պատարագի ավարտին Քահանայապետական Լևոնյան վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ կարդինալ Սանդրին, վարժարանի տնօրեն գրհ․ Նարեկ ծ.վ. Նամոյանը և հոգևոր դասը կատարեցին մոմավառություն՝ Սուրբ նահատակների լուսավոր հոգիների համար։


Ապրիլքսանչորսյան միջոցառմանը ներկա էին Սուրբ Աթոռի Քրիստոնյա միասնության խթանման քահանայապետական խորհրդի, Արևելյան եկեղեցիների միաբանության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, hայ կաթողիկե քույրերը, հայ և Հռոմում քրիստոնյա մյուս համայնքների ներկայացուցիչներն ու հայ դիվանագետները։

Նմանատիպ նյութեր