211652_close_icon
views-count84378 դիտում article-date 18:02 23-04-2022

Արտակարգ դեպք Ստեփանավանում. ծեծկռտուք է տեղի ունեցել պարեկների և 4 երիտասարդների միջև. բերման ենթարկվածներից 2-ը ձերբակալվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 21-ին, Ստեփանավանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նորանշանակ Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկների և քաղաքացիների միջև:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:30-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ, 34-ամյա Արման Խաչատրյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, կրտսեր պարեկ, կոչումով սերժանտ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենան:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ Opel-ի վարորդը չի ենթարկվել պարեկների օրինական «կանգնել» պահանջներին և շարունակել է երթևեկել: Ինչից հետո իրենք հետապնդել են նրան և կարողացել են Լեջան գյուղի սկզբնամասում կանգնեցնել:
 
Երբ իրենք կանգնեցրել են, վարորդը, ով Լեջան գյուղի բնակիչ, 38-ամյա Վարդան Գևորգյանն է, և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 35-ամյա Կարեն Գևորգյանը, 35-ամյա Արեն Գևորգյանը և 40-ամյա Արթուր Սարուխանյանը իջել են ավտոմեքենայից, ապա հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իրենց:
 
Որոշ ժամանակ անց ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկների մի քանի կարգախմբերով հայտնաբերել են Վ. Ա. Կ. Գևորգյանների և Ա. Սարուխանյանին, ապա բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին:
 
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածներից 2-ը ձերբակալվել են, 2-ը՝ բաց են թողնվել:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր