211652_close_icon
views-count108677 դիտում article-date 20:52 21-04-2022

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. օպերատիվ բաժնի պետի տեղակալն ու անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը մարմնական վնասվածքներ են ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Այդ օրը՝ ժամը 19:50–ի սահմաններում «Վանաձոր»  բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի բութ տրավմա, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումով իրենց մոտ  է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արամ Ա.-ն է:

Պարզվել է, որ  նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձորի բանտի թիվ 32 խցի կալանավորված անձ, Վանաձորի բնակիչ, 33-ամյա Գևորգ Բ.-ն ձեռքով հարվածել է Արամ Ա.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա.-ն աշխատում է  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ:

Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում «Վանաձոր»  շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին  և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկ, որտեղ «աջ դաստակի և նախաբազկի քերծվածք վերք» վնասվածքներով բուժօգնություն են ցուցաբերել «Վանաձոր» քրեակատարողական  հիմնարկի աշխատակից, 34-ամյա Եղիշե Ք.-ին:

Արդեն ոստիկաններին վերջինս հայտնել է, որ  նշված մարմնական վնասվածքները ստացել է Վանաձորի բանտում՝ վիճաբանության ժամանակ՝ թիվ 32 խցում գտնվող կալանավոր, Վանաձորի բնակիչ, 22-ամյա Մհեր Կ.-ի կողմից:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Եղիշե Ք.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական  հիմնարկում՝  որպես անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կալանավորված Գևորգ Բ.-ն դատապարտվել է 2020 թ.-ի նոյեմբերին՝ ՀՀ քր օր-ի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Մհեր Կ.-ն դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2.3 կետեր, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում քննություն է տարվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր