211652_close_icon
views-count1299 դիտում article-date 16:48 21-04-2022

Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան առջև գտնվող մայթը կանվանեն «Ուկրաինայի հերոսների պուրակ»

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի ավագանին հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև գտնվող մայթն «Ուկրաինայի հերոսների պուրակ» անվանելու որոշումը: Գրում է «Ազատությունը»։

Բացի այդ, Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող ևս մեկ անանուն տարածք կստանա Բորիս Նեմցովի անունը:

Սոֆիայի ավագանին, համերաշխություն հայտնելով ռուսների ագրեսիայից պաշտպանվող ուկրաինացիներին, քվեների մեծամասնությամբ թույլատրել է քաղաքապետարանի շենքի վրա Բուլղարիայի ազգային դրոշի կողքին բարձրացնել նաև Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը:

Այս շաբաթվա ընթացքում Սոֆիա է այցելել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան, որին ընդունել են Բուլղարիայի արտգործնախարար Տեոդորա Գենչովսկան և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Չնայած Ռուսաստանի հետ պատմական սերտ կապերին, Բուլղարիան դատապարտել է ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա:

Մեկ ամիս առաջ Բուլղարիայում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, բուլղարացիների 61 տոկոսը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, 16 տոկոսն այն արդարացրել է, 23 տոկոսը խոստովանել է, որ չի կողմնորոշվել այդ հարցում:

Միաժամանակ, բուլղարացիների երկու երրորդը նշել է, որ կողմ է Բուլղարիայում ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու գաղափարին:

Նմանատիպ նյութեր