211652_close_icon
views-count44359 դիտում article-date 21:56 20-04-2022

Քեզ բացակա չենք դնի. 19-ամյա լեգենդ դարձած հերոս Վիգեն Գևորգյանին ամեն օր են հիշում Արագածոտնի մարզում. իսկ նրա հրշեջ-փրկարար հայրը շարունակում է մարդկանց կյանքեր փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակից, հրշեջ-փրկարար Տիգրան Գևորգյանին լավ են ճանաչում ոչ միայն իր ծննդավայր՝ Արագածոտնի մարզի Ակունք գյուղում, այլև Արագածոտնի մարզում:

Տ. Գևորգյանը իր գործընկերների հետ բազմաթիվ կյանքեր է փրկել, երբ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատ ԱԻՆ ՓԾ 911 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի այսինչ վայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հրդեհ, քաղաքացի է հայտնվել լճում, քաղաքացի է մոլորվել և նմանատիպ այլ արտակարգ դեպքեր,  Տիգրանի ու նրա գործընկերների  շնորհիվ հարյուրավոր կանքեր են փրկվել:

Սիրված հրշեջ-փրկարար Տ, Գևորգյանի տղան՝ Վիգեն Գևորգյանը, Արցախյան  44-օրյա պատերազմի լեգենդար հերոսներից է:

19-այա Վիգենի մասին արդեն ընթերցողի սեղանին է դրվել «Հոգիս ձեզ վահան» գիրքը, որտեղ լեգենդար հերոսի կյանքի մասին պատմող պատմություններ են:

Գրքից տեղեկանում ենք, որ մարդկային բարձր արժեքները անշահախնդիր ընկերասիրությունն ու պատվով ապրած կյանքը  վառ օրինակ պետք է լինեն յուրաքանչյուրիս՝ ճիշտ ապրելու համար  և իզուր չէ, որ շատերը Վիգենին հիշելով, միշտ ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Նա այն մոր և հոր զավակն է, ովքեր հպարտությամբ ու բաց ճակատով են Վիգենին ճանապարհել բանակ:

Ցավոք, 44-օրյա պատերազմում Վիգենը իր զինակից բազմաթիվ լեգենդ դարձած հերոս տղերքի նման նահատակվեց:

Ու հիմա  ամեն անգամ նրա շիրիմին այցելելիս, ներկաներն ասում են՝ քեզ բացակա չենք դնի:

Վիգեն Տիգրանի Գևորգյանը ծնվել է 2001թ. հունվարի 1-ին՝ Արագածոտն մարզի Թալին քաղաքի Ակունք գյուղում։

2006 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա 2015 թվականին տեղափոխվել ավագ դպրոց, որտեղ էլ ավարտել է ուսումը 2018 թվականին։ 2018 թվականին ընդունվել և 1 տարի սովորել է ՃՇՀԱՀ Կառավարման և Տեխնոլոգիայի ֆակուլտետում։

2019թ. հուլիսի 24-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով Մարտունի 3 զորամասում, որպես նռնականետի (AGS) նշանառու։ ՍԵպտեմբերի 22-ից Առողջական խնդիրմերի պատճառով գտնվելով Մուրացան հոսպիտալում՝ սեպտեմբերի 29-ին չսպասելով դուրս գրման, շտապել է առաջնագիծ միանալու ընկերներին։ Սկզբում Մարտունիում, ապա՝ Ջրականում են ուժեղ կռիվներ մղել, որից հետո նորից վերադարձել են Մարտունի, որտեղ էլ հրաման է գալիս, որ պիտի ՀԱՆ-17 մեկ հաշվարկ գնա Հադրութի Տող գյուղ։ Մի քանի օր շարունակ դիմակայելուց հետո նահանջ հրամանով Հադրութից դեպի Մարտունի վերադառնալու համար Վիգենն ու իր մարտական ընկերները ոտքով 80 կմ ճանապարհ են անցնում՝ անտառների, սարերի միջով, ծանր զենքերը քարշ տալով, սակայն ճանապարհին մոլորվում են ու ընկնում շրջափակման մեջ։ Երեք օր անց մոտակա գյուղից նրանց կարողանում են գտնել ու դուրս բերել շրջափակումից։

Նոյեմբերի 2-ին հրաման է գալիս, որ պիտի բարձրանան Կողակ կոչվող սարի վրա։ Օր օրի ավելի թեժացող կռիվը իր հետ ավելի է ուժեղացնում Վիգենի ոգին, որը փաստում են իր մարտական ընկերները։ Նրանց խոսքով՝ Վիգենն է ամեն ինչ կազմակերպել կռվի ժամանակ՝ չլինելով ոչ սերժանտ, ոչ հրամանատար։ Ամբողջ անձնակազմը իրեն է ենթարկվել, սիրել ու հարգել, շատ պահանջկոտ է եղել, միշտ ասել է, որ ուշադիր լինեն, հակառակորդի ցանկացած շարժի մասին իրեն առաջինը տեղյակ պահեն։ Ամբողջ գիշեր չքնելով և զգոն լինելով, վտանգի դեպքում առաջինը ինքն է կռիվ տվել, ապահովել տղաների անվտանգությունը։ Սակայն օր օրի վիճակը ավելի էր բարդանում։

Նոյեմբերի 7-ին Վիգենն ու իր մարտական մի քանի ընկերները գնում են պահելու սարի մյուս՝ աջ թևը, որտեղ թուլացած է եղել ուժը։ Սակայն զինակից ընկերներին օգնելու ժամանակ, չհասցնելով անձամբ դուրս գալ խրամատից, Վիգենը զոհվում է տանկի արկի պայթյունից։ 
Կողակ բարձունքի համար մղվող պայքարում Վիգենն ու իր տասը մարտական ընկերները հերոսաբար իրենց կյանքը նվիրում են հայրենիքին։ Սակայն մահվանից միայն 45 օր հետո նրանց մարմինները դուրս բերեցին բարձունքից՝ բեկորային, մահացու վնասվածքներով և կոտրվածքներով։

Աճյունը ամփոփվել է դեկտեմբերի 24-ին Թալին քաղաքում գտնվող հերոսների պանթեոնում։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր