211652_close_icon
views-count1123 դիտում article-date 17:40 19-04-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազին

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի  գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։

Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։

Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տասնամյակներին երկու երկրների միջև գործակցությունն առավել խորանում և ընդլայնվում է՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը նկատեց, որ հայ և վրաց ժողովուրդները դարեր շարունակ հարատևել են քրիստոնեական հավատքի շնորհիվ և միմյանց զորավիգ լինելով՝ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

Շնորհավորելով վրաց ժողովրդին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության գալիք տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որ երկու ժողովուրդների համագործակցությունը լինի արդյունավետ և նպաստի երկու բարեկամ պետությունների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կյանքի կերտմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ընդգծեց, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառույցների փոխհարաբերությունների առավել սերտացմանը։ Պարոն Շոթաձեն Վեհափառ Հայրապետին փոխանցեց նաև Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետի  ողջույնները։
 

Նմանատիպ նյութեր