211652_close_icon
views-count973 դիտում article-date 15:57 18-04-2022

Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ հունիսի 23-24-ը

Ուկրաինան ավարտել է հարցաթերթիկի լրացումը, որը կդառնա Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու մեկնարկային կետը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարցաշարը հանձնել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ՝ խոստանալով արագացնել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը։

«Այսօր ես կարող եմ հայտնել, որ փաստաթուղթը ձևակերպվել է ուկրաինական կողմից, մենք սպասում ենք հանձնարարականի, այնուհետև գնդակը կլինի Եվրամիության դաշտում», - ասել է Ժովկվան երեկ ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարականներ տա Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ։

Իգոր Ժովկվան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։

«Հետագայում մեզ անհրաժեշտ կլինի սկսել անդամակցության բանակցությունները։ Եվ դրանց ավարտից հետո արդեն կարելի է խոսել ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության մասին»,- ասել է Ժովկվան։

Նմանատիպ նյութեր