211652_close_icon
views-count3930 դիտում article-date 09:53 16-04-2022

Ուկրաինան հայտարարում է Մարիուպոլի պաշարումը ճեղքելու իր բանակի փորձերի մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը փորձում են ճեղքել Մարիուպոլի ռուսական պաշարումը, և որ մարտեր են ընթանում Իլյիչի անվան երկաթե պողպատի գործարանի և քաղաքի նավահանգստի մոտ, հաղորդում է Reuters-ը:

«Մարիուպոլում իրավիճակը բարդ է ու ծանր։ Այս պահին մարտեր են ընթանում. Ռուսական բանակն անընդհատ լրացուցիչ ստորաբաժանումներ է կանչում քաղաքը գրոհելու համար»,- ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։ «Բայց այս պահին ռուսները չեն կարողացել ամբողջությամբ գրավել այն», ասել է նա։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ է կիրառել Մարիուպոլի վրա հարձակվելու համար։ Նրա խոսքով, այժմ ռուսական ուժերը կենտրոնացած են նաև Ուկրաինայի արևելյան Ռուբիժնե և Պոպասնայա քաղաքների գրավման վրա։

Մոտուզյանիկը «նշանակալի» է անվանել Սև ծովում ռուսական «Մոսկվա» հրթիռակիր հածանավի կորուստը։ Նա, սակայն, ասել է, որ իրավասու չէ տեղեկատվություն հրապարակել Կիևի արվարձանում գտնվող «Վիզար» ռազմակայանի մասին, որը, ըստ ՌԴ ՊՆ-ի, երեկ երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Ռուսաստանի կողմից։

«Վիզար» գործարանը արտադրում է «Նեպտուն» մակնիշի հրթիռներ, որոնք ուկրաինական իշխանությունների հաղորդած տեղեկությունների համարձայն, օգտագործվել են ռուսական «Մոսկվա» հածանավը խորտակելու համար: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Վիզար»-ին հարվածները հասցվել են «Կալիբր» մակնիշի ծովային հեռահար հրթիռների կիրառմամբ։

Agence France-Presse-ի թղթակիցը հայտնել է, որ գիշերային գրոհների արդյունքում լրջորեն տուժել են գործարանի արտադրամասն ու գրասենյակային շենքը:

Ռուս զինվորականները երեկ երեկոյան հարվածներ են հասցրել նաև Ուկրաինայի այլ շրջաններում, այդ թվում՝ Խարկովում։ Խարկովի մարզի նահանգապետն ուրբաթ օրը հայտնել է, որ Խարկովի հրթիռակոծության հետեւանքով յոթ մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր