211652_close_icon
views-count1843 դիտում article-date 09:55 15-04-2022

Հայաստանն սկսել է ռուբլով իրականացնել ռուսական գազի վճարումները. Վահան Քերոբյան

Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ։ Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ավելացրել է նա։

«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները հենց ռուբլով են կատարվել, բայց ըստ համապատասխան փոխարժեքի»,- ասել է Քերոբյանը։ Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, բայց վճարումն իրականացվում է ռուբլով։

«Իսկապես, Հայաստան գազի մատակարարման «Գազպրոմի» պայմանագիրը արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, եւ այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ՌԲԿ-ին ասել է   «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

«Գազպրոմը» Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի միակ մատակարարն է։ Հայաստանի գազատրանսպորտային ցանցի օպերատորը՝ «Գազպրոմ Արմենիան», «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստր» ձեռնարկությունն է։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է հազար խորանարդ մետրը 165 դոլար։ 2021թ. Հայաստանը Ռուսաստանից գնել է 414 մլն դոլարի գազ եւ մոտավորապես 270 մլն դոլարի նավթամթերքներ։

Քերոբյանը  ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է, որ «կա  ըմբռնում», որ «պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ՝ ԵՏՄ-ի անդամների միջեւ հաշվարկներում, «եւ ռուսական կողմից կա առաջընթաց այդ ուղղությամբ»։ «Չպետք է բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն որպես վճարման հնարավոր միջոց։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է ստեղծեն համապատասխան միջավայր, որպեսզի վճարումներն ազգային արժույթներով կատարվեն՝ փոխարժեքի տեսանելիությամբ կամ կանխատեսելիությամբ»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր