211652_close_icon
views-count1662 դիտում article-date 15:22 14-04-2022

Քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ․ խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգած է սահմանապահ․ Նիկոլ Փաշինյան

Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել: Մենք պետք է ինքներս գրենք մեր պատմությունը, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունն ու դա մատուցեն մեզ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հողեր ենք պահել, քանի դեռ դա շատերին ձեռնտու է եղել, եկեք սա հասկանանք: Հերիք է, այսքան նայել ենք, եկեք տեսնենք, այսքան լսել ենք, եկեք իմանանք, որովհետև հիմա խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Հայաստանն ու Արցախը ընդամենը հողակտորներ չեն, Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է, սա ենք մենք ուզում», - ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ դիտարկման՝ կապված ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ․ «Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք, իսկ, կներեք, եթե պատերազմ սկսեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, հետո պայմանագրայիններին տանենք, ժամկետայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման ու սահմանապահներ. քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգած է սահմանապահ ու հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով, ոչ թե դիրքերի, բարձունքների: Մենք մոտ հազար զոհ ենք ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, մի մասը ոչ մարտական պայմաններում. դա խաղաղություն չէ», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն իր ելույթն ավարտեց ու խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

«Այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու ու նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր