211652_close_icon
views-count2048 դիտում article-date 20:14 13-04-2022

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. հարուցվել է քրեական գործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները համատեղ, փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ: Հայտնաբերվել է  մասնավորապես`  82 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված, 2.49 գրամ  «Կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, ինչպես նաև «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ  5 հատ դեղապարկուճ, որոնք թաքցված են եղել նշված առաքանու մեջ առկա տարբեր առարկաների մեջ:
 
 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մի շարք անհետաձգելի` մասնավորապես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի փոստային բաժանմունքներից մեկում, վերոնշյալ առաքանին ստանալուց հետո, բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Տ.Հ-ն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները  տվյալ քաղաքացուն  առնչվող մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:

Փաստի առթիվ  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան (267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ) հոդվածների համաձայն՝  նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է  քրեական գործ, որի շրջանակումքաղաքացին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Ծանութցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր