211652_close_icon
views-count12436 դիտում article-date 18:32 12-04-2022

Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել․ Արսեն Հարությունյան

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում»;

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

«Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում է ընդամենը 60 ըմբիշ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։

Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են` ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:

Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ և ուշադիր լինի մեր խնդիրներին»,- գրել է Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր