211652_close_icon
views-count1239 դիտում article-date 15:25 12-04-2022

Խոշոր քաղաքների խնդիրները միանման են․ Երևանն ու Թբիլիսին փորձի փոխանակում են արել

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը;

Պատվիրակության կազմում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Պաշտոնական այցի առաջին օրը երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Տկեմալաձեի հետ:

Կարևորելով երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև գործակցության շարունակականությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ու Գեորգի Տկեմալաձեն նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Թբիլիսիի կառավարման կենտրոն՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ինչպես նաև կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք ցանցի մեկնարկային հանդիպմանը, որի շրջանակում Թբիլիսին տիտղոսը կհանձնի Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարային:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակել էր Երևանը:

Նմանատիպ նյութեր