211652_close_icon
views-count1305 դիտում article-date 11:03 12-04-2022

Պատժամիջո՞ց, թե՞ փափուկ ուժ․ մարդիկ պատրաստ են վատ ապրել, բայց հպարտանալ, որ իրենց երկիրը բարձրացել է ծնկած վիճակից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ հարց է առաջանում, որն առաջին հայացքից գուցե միամիտ թվա. ինչի՞ համար են պետք պատժամիջոցները: Երբ մեծահասակները երեխաներին պատժում են ինչ-որ արարքի համար, ասենք, անկյուն են կանգնեցնում, նրանք, ենթադրաբար, հույս ունեն, որ երեխան այդ անկյունում 5-10 րոպե կանգնելով կվերանայի իր վարքը, եւ հետագայում սխալ արարքներ չի գործի: Կվերադաստիարակվի՝ մի խոսքով: Վստահ չեմ, որ դա արդյունավետ միջոց է, բայց գոնե տեսականորեն կարելի է ակնկալել, որ դա ինչ-որ դեպքերում կարող է սաստող նշանակություն ունենալ:

Իսկ ինչի՞ համար են պատժում պետություններին: Նույնպե՞ս դաստիարակելու նպատակով: Իրանն, օրինակ, տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ է: Ո՞րն է դրա արդյունքը: Իրանցիները սկսեցին ավելի շա՞տ սիրել ամերիկացիներին, Իրանը հրաժարվե՞ց իր միջուկային ծրագրերից, Հըզբոլահը դադարեցրե՞լ է ռազմական գործողությունները Միջին Արեւելքում: Իհարկե, այդ պետությունը հսկայական վնասներ է կրում, ժողովուրդն էլ, մեղմ ասած, չի բարգավաճում, բայց այս տասնամյակների ընթացքում ես չեմ տեսել, որ Իրանի քաղաքացիները զանգվածաբար դուրս գան փողոց՝ իրենց կառավարությունից պահանջելով հրաժարվել միջուկային ծրագրերից կամ մտերմանալ Արեւմուտքի հետ: Իրանի նման երկիրը հնարավոր չէ գրավել զենքով կամ խեղդել պատժամիջոցներով: Միակ միջոցը փափուկ ուժն է: Դու պիտի ապացուցես, որ կյանքը, ասենք, Արեւմտյան Եվրոպայում ավելի գրավիչ է, քան Իրանում: Եթե իրանցիների մեծամասնությանը դա հետաքրքիր լինի, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կփոխվի:

Ուկրաինան նույնպես հնարավոր չէ գրավել զենքով: Այդ երկիրը մեծ է չափերով եւ հույժ կարեւոր է Արեւմուտքի համար, որը չի ցանկանում այն հանձնել Ռուսաստանին: Փափուկ ուժը այս դեպքում նույնպես բացառված է, որովհետեւ քաղաքակրթական, տեխնոլոգիական առումով Ռուսաստանը Ուկրաինային (ինչպես նաեւ հետխորհրդային մնացած երկրներին) առաջարկելու բան չունի:

Բայց Ռուսաստանի դեմ Արեւմտյան պատժամիջոցները դարձյալ անիմաստ են: Այդ երկրում նույնպես մարդիկ պատրաստ են վատ ապրել, բայց հպարտանալ, որ իրենց երկիրը բարձրացել է ծնկած վիճակից եւ ձեռք է բերել համաշխարհային նշանակություն: Կողքից այդ հպարտությունը գուցե զավեշտալի է թվում, բայց, կարծում եմ, ներկա իրավիճակում դա կարեւոր գործոն է: Եվ հենց այդ պատճառով, ի դեպ, Ռուսաստանի դեմ փափուկ ուժն էլ կիրառելի չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր