211652_close_icon
views-count1703 դիտում article-date 10:39 12-04-2022

Բաքվի ապակառուցողականությունն արդեն քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն եւ մարտի 23-ի դրությամբ իրավիճակը: Լավրովն էլ հիշեցրեց, որ իրադարձությունների հենց սկզբից ռուս զինվորականները հայտարարել են, որ զբաղվում են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ. «Այդ հանգամանքները մեզ համար մինչեւ վերջ պարզ չեն։ Ես չէի ցանկանա առաջ անցնել եւ վերջնական դատողություններ անել։ Համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ՌԴ խաղաղապահներին»։

Քարագլուխ նենգաբար մուտք գործելով՝ Ադրբեջանը խաղասեղանին դրեց ՌԴ-ի խաղաղապահների հեղինակության հարցը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հայտնեց, որ ռուս խաղաղապահներն էլ են տեղակայվել Քարագլխի հատվածում: Սակայն փաստն այն է, որ ադրբեջանական զինուժը հետ չի քաշվել իր նախկին դիրքերը, հարեւան Փառուխ եւ Խրամորթ գյուղերի բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Ադրբեջանական զինուժը ոչ միայն դիրքավորվել եւ ամրացել է Քարագլխի մի քանի հատվածներում, այլեւ ճանապարհներ է բացել դեպի իրենց դիրքերը:

Քարագլխի գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային կառույցների կողմից բազմիցս արծարծված արցախյան հիմնահարցին երկարաժամկետ լուծում տալու գործընթացն էականորեն հետաձգվում է: Այլ կերպ ասած՝ Բաքվի ապակառուցողականությունն արդեն ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ միջազգային կառույցների եւ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր