211652_close_icon
views-count1943 դիտում article-date 14:56 09-04-2022

Genesis Armenia-ն Արցախում սկսում է կրթական նոր ծրագիր պատմության ուսուցիչների համար

Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի պատմության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը նպատակ ունի ժամանակակից դասավանդման մեթոդների վերաբերյալ գիտելիք, փորձ ու հմտություններ փոխանցել ուսուցիչներին՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, անվտանգային և տեղեկատվական ոլորտները ներկայացնելիս։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացը եռօրյա է։ Մասնակիցները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների «Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների ուսուցիչներն են՝ մոտ երկու տասնյակ։

«Արցախում արդեն հասցրել ենք բազմաթիվ ծրագրեր իրագործել, որոնց կարևորագուն բաղադրիչը կրթությունն է։ Հայ մնալու համար պետք է ամուր պահել մայրենի լեզուն ու հայոց պատմությունը, հետևաբար ուսուցիչների վերապատրաստման դասընթացը սկսում ենք պատմությունից։ Տիեզերքում ոչ մի ուժ չի ստիպելու մեզ Արցախին միայնակ թողնել, իսկ այս նախաձեռնությունը նոր ճյուղավորումներ է տալու»,- նշեց Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Կարևորելով պատմության դերն ու նշանակությունը՝ Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը նշեց, որ հենց պատմություն առարկայի միջոցով է աշակերտը դաստիարակվում։

«Հայրենիքի պատմությունը ներկայացնելով՝ ուսուցիչներն աշակերտների մեջ հայրենասիրության կարևորագույն հիմքերն են դնում, ձևավորում արժեքներ ու ազգային նպատակների իրականացման կամք։ Իսկ թշնամուն ճիշտ ներկայացնելն այս համատեքստում չափազանց էական գործոն է»,- նշեց Սամվել Վարդանյանը՝ ընդգծելով, որ Genesis Armenia-ն անելու է ամեն բան՝ այս գործընթացը շարունակական ու ավելի մասշտաբային դարձնելու համար։

Վերապատրաստման ծրագիրը մշակել է պատմաբան, «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ, Genesis Armenia-ի անդամ Սուրեն Թազայանը, որն արցախցի գործընկերների հետ հարց ու պատասխանի միջոցով, նախ, փորձեց վեր հանել  «Հայոց պատմություն» առարկայի դասաժամերի ու դասավանդման մեթոդների հետ կապված խնդիրները։

Արցախցի ուսուցիչները կարծում են` դասաժամերը համեմատաբար քիչ են, թեման ու բովանդակությունը` ծավալուն։ Մեկ այլ խնդիր էլ, ըստ նրանց, դասագրքերում տեղ գտած անճշտություններն են։

«Վերջին պատերազմում պարտվելու գլխավոր պատճառներից մեկը կրթության ներկա վիճակն ու Արցախի մասին մակերեսային գիտելիքն է։ Սեփական պատմությունն իմանալու և կրթական ճիշտ համակարգ կառուցելու դեպքում միայն կհաջողենք»,- ասաց Թազայանը։
Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ողջունելով Genesis Armenia-ի հերթական կրթական նախաձեռնությունը, ասաց, որ գործակցության նման ձևաչափը շատ կարևոր է՝ հետպատերազմյան Արցախում որակյալ կադրերի պատրաստման ու նրանց միջոցով որակական լուրջ փոփոխություն իրականացնելու առումով։ 

Նախարարը շնորհակալություն հայտնեց ուղեղային կենտրոնին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և արհեստավարժ աշխատանքի միջոցով նրա զարգացմանը նպաստելու համար։
Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակից ուսուցիչները կստանան հավաստագրեր։

Նմանատիպ նյութեր