211652_close_icon
views-count3605 դիտում article-date 18:38 07-04-2022

Մենք արդեն մի քանի ամիս է գումար չենք ստանում. Եվրոպայի մեդալակիր Գևորգ Ղարիբյան. Armsport.am

«Ոչ մեկ տեղյակ չի, որ Գևորգ Ղարիբյանը մեկ թևով է գոտեմարտել Եվրոպայի առաջնությունում: Մենք չկարողացանք իրեն հասցնել այն վիճակին, որ վնասվածքը լիովին ապաքինվեր: Մեր անձնական միջոցներով ենք արել, ինչ կարողացել ենք: մենք գալիս ենք ու խոսում ենք մեդալների մասին, բայց մինչև դա ունենք բազմաթիվ խնդիրներ»,-այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայստանը նվաճել էր 4 մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Ղարիբյանը: Վերջինս վնասվածքով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնի խոսքով, այս խնդիրները նոր չեն, բայց ամեն անգամ սպասել են, որ ինչ որ բան կփոխվի:   

«Այս խնդիրները բարձրաձայնում ենք, քանի որ արդեն տևական ժամանակ է: Թիմում տղաներ կան, որ արդեն մի քանի ամիս է տասը դրամ գումար չեն ստացել: Մի քիչ կոպիտ ասեմ՝ առաքիչն այսօր ավելի շատ գումար է վաստակում, քան հավաքականի անդամները: Սպորտի ղեկավար մարմինները ոչինչ չեն արել: Մենք չենք ասում մեզ շատ կամ քիչ տվեք, բայց մենք հասուն մարդիկ ենք, թիմում տղաներ կան, որ ընտանիք են պահում, բայց ոչ մեկ գումար չի ստանում:

Չեմ ուզում շատ բողոքել, բայց այսպես շարունակել հնարավոր չէ: Վնասվածքիս մասին տեղյակ եմ պահել ֆեդերացիային ու նախարարությանը, լուրջ գումարների հետ է կապված, դիմել եմ իրենց, ասել են գնա արա, չեկերը կբերես, կտանք: Դա պատասխան չէ: Գնում ենք Եվրոպայի առաջնություն, վիտամին չունենք նույնիսկ, մարզահագուստ չունենք, դա ամոթ է մեզ համար: Գնում ենք տարբեր շորերով: 10 հոգով գնում ենք, ոչ մեկս ոչ մեկի նման չենք, կարծես փողոցից տղաներով գնանք: Մեդալի համար գոտեմարտից առաջ բժիշկ չունեինք նույնիսկ, որ թևս ստուգեր»,-ասաց 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը:

Նմանատիպ նյութեր