211652_close_icon
views-count1819 դիտում article-date 13:44 07-04-2022

Մեկնարկում է ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

2021-2022 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`
• 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Պետական ավարտական քննությունների ցուցակ-հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը:

Բուհերի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:

Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն օժանդակող հաստատությունների ցանկը։

Նախորդ տարիների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են ներբուհական կամ միասնական քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում:

Նմանատիպ նյութեր