211652_close_icon
views-count1444 դիտում article-date 22:54 04-04-2022

Անկախության ճանաչումն Արցախի փրկության խնդիրն է լուծելու. «5165» շարժումը պահանջագիր հանձնեց ԱԺ- ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց նախաձեռնելու և նրա միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար։ Շարժման անդամները ապրիլի 4-ին ԱԺ շենքի մոտ հավաքվեցին և պահանջագիր հանձնեցին խորհրդարանին։
 
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նախ կարևորեց այն, որ որևէ մեկը չփորձի մոլորեցնել այն վախերով, թե Արցախի ճանաչման դեպքում պատերազմ կսկսվի:
 
«Բոլոր քաղաքական ուժերի օրակարգային հարցը պետք է լինի հիմա այս հարցը: Ճանաչումը Արցախի փրկության և մեր արժանապատվության հարցն է լուծելու: Մեր պատգամավորներին ուզում եմ ասել, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախի Հանրապետությունը, քանի որ բազմիցս միջպետական պայմանագրեր են կնքվել:Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի, մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել նրանով, որ եթե մենք ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի, և եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ Սեպտեմբերի 27-ին մենք Արցախը չէինք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը»,- ասաց Կարին Տոնոյանը։
 
«5165» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարեց, որ շարժման պահանջը փրկության պահանջ է` Արցախին ցեղասպանությունից փրկելու։
 
«Խնդրում ենք բոլորին սա չդիտարկել որպես քաղաքական շարքային ակցիա, սա լրիվ ուրիշ, ավելի կարևոր է։ Թշնամին մաս-մաս գրավում է Արցախը, գրավում է հայկական բնակավայրերը և ռազմավարական նշանակության բարձունքները։ Այսպիսի պայմաններում գործող իշանությունները Մինսկի խմբի համանախագահ երկրներից գործուն մեխանիզմներով չեն պահանջում, որ Ադրբեջանը գա կարգավորման դաշտ: Մինչև Հայաստանը չճանաչի Արցախը, ուրիշ ոչ ոք չի ճանաչելու։ Ճանաչելու դեպքում միայն Հայաստանի Հանրապետությունը իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը։ Այս խնդրի լուծման իրավատերը պետք է դառնա ժողովուրդը, ոտքի կանգնի և պահանջի: Մենք հիմա այս հարցով ժողովրդից ու բոլոր քաղաքական ուժերից խնդրում ենք աջակցություն`սատար կանգնելու մեր այս պահանջին»,- նշեց նա՝ հավելելով, որ պատահական չէ իրենց ընտրած նշանաբանը՝ «Արցախի փրկություն», «Հայաստանի անվտանգություն», «Ազգային արժանապատվություն»:
 
«5165» շարժման խորհրդի անդամ, ՀՀ  վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը դիմեց աշխարհի բոլոր հայերին.
«Պետք է ճնշում գործադրել, պիտի բոլորը լսեն այս ամենի մասին։ Այն պետությունում, որտեղ որ հայ է ապրում, ամեն մեկն առանձին իր տեղում պետք է փորձի ճնշում գործադրել տվյալ պետության վրա։ Ժողովու՛րդ ջան, արթնացե՛ք վերջապես։ Մենք պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք, այլ տարբերակ այլևս չկա»:
 
«5165» շարժման համահիմնադիրներից Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ տարիներ շարունակ մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք չպետք է ճանաչենք Արցախի անկախությունը, որպեսզի դա վատ ազդեցություն չունենա բանակցային պրոցեսի վրա, բայց այսօր լրիվ այլ իրավիճակ է:
 
«Հիմնական պատճառը, բնականաբար, Ադրբեջանի ներկայիս վարքագիծն է։ Մենք տեսնում ենք, որ խաղաղության օրակարգը միանշանակ կեղծ օրակարգ է։ Որևէ ազդանշան, քայլ ու գործողություն չկա, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են կամ ուզում են մեզ հետ գնալ խաղաղության։ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ընթացքում նույնպես ընդունեց, որ Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը, շարունակում է հող նախապատրաստել լայնածավալ պատերազմի համար։ Պատերազմը հենց այսօր դիվանագիտական դաշտում է, իսկ մենք տանուլ ենք տալիս այս պատերազմը, քանի որ հայկական կողմը շարունակաբար խոսում է զիջումների մասին»,- հավելեց նա։
 
«5165» շարժման պահանջին միացավ նաև հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ եթե մենք տեր չկանգնենք հիմա Արցախին, ապա մի քանի ամսից կարող է ընդհանրապես չունենանք Արցախ:
 
Այն հարցին, թե շարժման անդամներն ինչպես են վերաբերվում խորհրդարանական ընդդիմության ապրիլի 5-ին նախաձեռնած հանրահավաքին, Մենուա Սողոմոնյանը և Կարին Տոնոյանը արձագանքեցին. «Ցանկացած գործողություն, որը կտանի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, մենք ողջունում ենք: Մենք սա դիտարկում ենք որպես ազգային հարց»:
 
Նշենք, որ ապրիլի 6-ին՝ ժ. 10:00-ից, «5165» շարժումը նախատեսում է կառավարության դիմաց անցկացնել նստացույց՝ ի պաշտպանություն Արցախի անկախության պահանջի և ի ցույց բողոքի ընդդեմ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների ադրբեջանանպաստ քաղաքականության՝ այդպիսով ևս ապահովելով ժողովրդի համախմբումը:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր