211652_close_icon
views-count4014 դիտում article-date 10:43 03-04-2022

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մշտապես անհասանելի է ՀՀ քաղաքացիների համար․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ-ում Գերմանիայի (German Embassy Yerevan) դեսպան Վիկտոր Ռիխտերն ասում է, որ «Հայաստանը և Գերմանիան մշակութային, կրթական ու պատմական բազմաշերտ շփումներով բարեկամաբար կապված են միմյանց: Ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալու մեր հարաբերությունների հետագա զարգացման մեջ»:

Իսկ գիտե՞ք, թե, ըստ Ռիխտերի, ինչպես են կապված Հայաստանն ու Գերմանիան: Կամ՝ գիտե՞ք, թե որն է վերջինիս ներդրումը երկրների հարաբերությունների զարգացման մեջ: Ասեմ՝ իմանաք:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մշտապես անհասանելի է ՀՀ քաղաքացիների համար: Անհասանելի է հունվարին, անհասանելի է փետրվարին, անհասանելի է մարտին, ապրիլին, մայիսին: Անհասանելի կլինի հունիսին, հուլիսին, օգոստոսին: Միշտ անհասանելի կլինի: Անձամբ շուրջ 3 ամիս, մոտավորապես 24/7 ռեժիմով փորձում եմ հերթ վերցնել այդ դեսպանությունում: Այլևս անիմաստ է: Գիտե՞ք ինչու: Որովհետև, հասկացա, որ այդ հերթը ես պետք է գնեմ: Այն վաճառվում է տուրիստական կազմակերպությունների կողմից: Փաստորեն, սա էր դեսպանի՝ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման մեջ ներդրումը:

Ի՞նչ ասեմ: Ես այլևս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության կայք չեմ այցելելու: Փոխարենը, օգտվելով «Հայաստանի և Գերմանիայի՝ միմյանց կապնված բազմաշերտ շփումներով» ինչ-որ երրորդ անձանցից դեսպանություն այցի համար հերթ եմ գնելու և այդ գործընթացի վերաբերյալ փաստերը ներկայացնելու եմ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը (Auswärtiges Amt), ինչպես նաև այդ նույն երկրի ոստիկանությանը: 

Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև, կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և նախարար Արարատ Միրզոյանին նման «մանր-մունր» հարցերը չեն հետաքրքրի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր