211652_close_icon
views-count1148 դիտում article-date 19:48 01-04-2022

Հունահռոմեական ոճի 3 ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ 4 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվելուց հետո կամային որակներ է դրսևորել և 6:5 հաշվով հաղթանակ տարել Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանի նկատմամբ՝ դուրս գալով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Մկրտչյանը կգոտեմարտի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:

63 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանը 2 րոպե 26 վայրկյանում 9-0 հաշվով հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Պողոսյանը երեկոյան կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ:

77 կգ քաշայինների որակավորման փուլում Մալխաս Ամոյանը գոտեմարտել է Սլովակիայի ներկայացուցիչ Դենիս Հորվաթի հետ և 5-1 հաշվով առավելության հասել: Քառորդ եզրափակչում էլ Ամոյանը 6-5 հաշվով դժվարին հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում Ամոյանը կգոտեմարտի Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Ալբին Օլոֆսոնի հետ:

Այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 1:5 հաշվով զիջել է ադրբեջանցի Բեկա Կանդելակիին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Օվասափյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ):

Նմանատիպ նյութեր