211652_close_icon
views-count1240 դիտում article-date 15:30 01-04-2022

ԵԱՀԿ գործող նախագահն առաջընթաց է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծման գործում

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն մտահոգված է անկայուն իրավիճակով  Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ մասին նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ Ռաուն Երևանում է տարածաշրջանային այցի շրջանակներում։ Գրում է NEWS.am-ը։

Նրա խոսքով՝ հանդիպումների հիմնական մեսիջներից էր մտահոգությունն իրավիճակի անկայունության կապակությամբ։ Հայ գործընկերոջ հետ հանդիպման բովանդակությունը վերաբերում էր տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին։
Նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ «Իրական երկխոսությունը շատ կարեւոր է դեէսկալացման համար»,- ասել է Ռաուն՝ կոչ անելով կողմերին բարեխղճորեն մասնակցել երկխոսությանը բոլոր խնդիրների համապարփակ լուծման հասնելու համար։

«Հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել, մասնավորապես՝ հրատապ հումանիտար հարցերում, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, մշակութային արժեքների պաշտպանությունը»,- ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահը, ում անհասցե կոչը գերիների վերաբերյալ ուղղված էր Ադրբեջանին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի համագործակցությունը զարգացել է երկար տարիներ, ԵԱՀԿ-ն նպաստել է բարեփոխումներին Հայաստանում, եւ համագործակցությունը պետք է շարունակվի։ ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր մասնակցությունը Հայաստանում եւ նոր ծրագրեր իրականացնել անվտանգության 3 հարթություններում, նշել է Ռաուն՝ հավելելով, որ իրավիճակը լայն տարածաշրջանում ակտիվություն եւ նախաձեռնողականություն է պահանջում։ Նա նաեւ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին խաղաղությանն ու կայունությանն ուղղված երկարամյա ջանքերի համար։

Նմանատիպ նյութեր