211652_close_icon
views-count1777 դիտում article-date 15:59 31-03-2022

Մենք պատրաստ ենք բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ. Փաշինյան

Մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը եւ երկաթուղին, կառուցել ճանապարհ եւ երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ, որովհետեւ մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար:

Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը եւ սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաեւ մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր