211652_close_icon
views-count2356 դիտում article-date 19:42 30-03-2022

Խրամորթում և Փառուխում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ 

Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։

Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։

Խրամորթ և Փառուխ համայնքներից տեղահանված բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաններ, ցուցաբերվելու է նաև ֆինանսական բնույթի աջակցություն։

Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետևյալ խնդիրների վրա՝

- Տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։

- Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։

- Խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։

- Նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։

ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում են խոցելիության բարձր աստիճան ունեցող անձանց՝ մասնավորապես տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության մշտադիտարկումները, արձանագրվող խնդիրները գույքագրվում և ուղարկվում են պետական լիազոր մարմիններին»,- գրել է Ստեփանյանը։

Նմանատիպ նյութեր