211652_close_icon
views-count940 դիտում article-date 18:46 30-03-2022

Բրյուսելում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 30-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։

Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորեցին համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում՝ կողմերը մասնավորապես ընդգծեցին ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի կարևորությունը։

Մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ եղավ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի, Սենատի, Ֆլանդրիայի և Վալոնիայի տարածաշրջանների խորհրդարանների դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում Բելգիայի կառավարության կողմից խնդրի բարձրացման համար։

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ ունեցավ Եվրոպական քաղաքականության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր