211652_close_icon
views-count1297 դիտում article-date 13:34 30-03-2022

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում նկատած խնդիրներն ու բացերը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների բարելավման, նոր կանոնակարգումներ ներառելու կարիք է տեսնում: Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդման ներկայացմանն՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Հովակիմյանի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել Ընտրական օրենսգրքում պրակտիկ կիրառումից, ընտրություններից հետո: Հաղորդում է «Արմենպրեսը»։

«Այս ընթացքում կիրառվեցին Ընտրական օրենսգրքի առանձին դրույթներ, դրույթների մի մասը նույնիսկ չէ էլ կիրառվել, բայց ուժի մեջ է մտնել 2022-ի հունվարի 1-ից: Պրակտիկայում կիրառման ընթացքում գույքագրվել են բոլոր խնդիրները, որոնք առաջացել են, բոլոր հարցադրումները, որոնք այս կամ այն իրավանորմերի պարագայում առկա են: Մասնավորապես, օրենսգիրքը սահմանում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկության մասնակցող ընտրողների ցուցակները հրապարակվում են ԿԸՀ-ի կայք-էջում, որևէ այլ կանոնակարգում առկա չէ, թե դրանք որքան  ժամանակ պետք է տեղադրված մնան ԿԸՀ կայքում, հետագայում հարցման պարագայում՝ ո՞ւմ կարող են դրանք տրամադրվել»,-ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև այսօր էլ լինում են դեպքեր, երբ դիմում են խնդրանքով՝ տրամադրելու, օրինակ, մասնակցության վերաբերյալ 2017-ի անվանական ցուցակները: Մուկուչյանը, նկատի ունենալով, որ այդ ցուցակները պարունակում են որոշակի անհատական տվյալներ, որոշակի կանոնակարգումների արձանագրումն անխուսափելի համարեց:

ԿԸՀ նախագահը մատնանշեց նաև դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման ինստիտուտի հետ կապված խնդիր:

«Մենք օրենսդրորեն ամրագրեցինք, որ նրանք կարող ենք հավատարմագրվել էլեկտրոնային եղանակով: Միայն նախատեսել ենք այդ եղանակը, սակայն, կարծում եմ, ընտրական գործընթացներում, միշտ պետք է ունենալ այլընտրանքային լուծում, երբևէ հնարավոր չէ խույս տալ հնարավոր խնդիրներից»,- ասաց Մուկուչյանը:

Որոշակի նկատառումներ կան նաև նախընտրական քարոզչության հետ կապված կանոնակարգումներում:

«Նոր կանոնակարգումներով ներառել ենք նաև ինտերնետ տիրույթը, որի պարագայում առկա գործիքակազմով պայմանավորված՝ ամբողջի մոնիթորինգ անելը, առավել ևս՝ պատասխանատվության միջոցներ կիրառելը, հաճախ անհնար է»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հաճախ Հայաստանի տարածքից դուրս կարող են իրականացվել Ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ:

Նմանատիպ նյութեր