211652_close_icon
views-count1101 դիտում article-date 12:34 30-03-2022

ՀՀ փոխվարչապետը ՄԱԿ-ի ներկայացուցիչի հետ քննարկել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։

Զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետկովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտություն:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հնարավորությանը թվայնացման, ինչպես նաև ներդրումների աջակցման ուղղություններով:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի` թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակելու քննարկումները` ներդրումների աջակցման ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակման նպատակով:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության անունից վերահաստատել է Օրակարգ 2030-ի և կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու հանձնառությունը:

Նմանատիպ նյութեր