211652_close_icon
views-count6415 դիտում article-date 10:27 26-03-2022

Գծվում են նոր աշխարհի ուրվագծերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մարտի 24-ը հագեցած օր էր Բրյուսելի քաղաքական կյանքում. այստեղ տեղի ունեցավ միջազգային երեք գագաթնաժողով: Առավոտյան Բելգիայի մայրաքաղաքում հավաքվել էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը, ցերեկն անցկացվեց «Մեծ յոթնյակի» («G7») գագաթնաժողովի հիմնական մասը, իսկ երեկոյան սկսվեց Եվրամիության գագաթնաժողովը, որը շարունակվեց նաեւ երեկ: Բոլոր երեք միջոցառումները, ըստ էության, նվիրված էին մեկ հարցի՝ ինչպես օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում:

Բոլոր երեք միջոցառումներում քննարկումներին փորձել է տոն տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեսաուղերձով դիմելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին՝ նա կոչ է արել իր երկրին զենքի զանգվածային օգնություն ցուցաբերել։ «Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի 1 տոկոսը: Տալ կամ վաճառել»,- ասել է Զելենսկին։ Բացի այդ, նա խնդրել է դաշինքի ինքնաթիռների 1 տոկոսը (մոտ 500), բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հականավային զենքեր եւ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Զելենսկին վերստին անդրադարձել է Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու իր առաջարկին, նման այն բանին, ինչ ՆԱՏՕ-ն արեց Լիբիայում 2011 թ.։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը դեռ պատասխան չի ստացել Հյուսիսատլանտյան դաշինքից։ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին, իր հերթին, առաջարկել է միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միանշանակ բացառել է, որ դաշինքի ինչ-ինչ զորքեր որեւէ կարգավիճակով կմտնեն երկրի տարածք։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, բայց հակամարտության կողմ չէ։ ՆԱՏՕ-ն զորք չի մտցնի Ուկրաինա»,- ընդգծել է նա։

Այժմ Արեւմուտքում փորձում են հասկանալ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքները, հակամարտություն, որն անակնկալ էր ողջ աշխարհի համար։ «Financial Times»-ի տնտեսագիտության սյունակագիր Մարտին Վուլֆն իր հոդվածաշարում խոսել է գլոբալացման ավարտի մասին՝ որպես ընդհանուր տնտեսական շահերի հիման վրա տարբեր կառավարման համակարգեր ունեցող պետություններին միավորելու փորձի։ Դրան փոխարինելու է գալիս քաղաքական եւ տնտեսական անկայունության շրջանը, որին, ինչպես նախկինում, բնորոշ է հակամարտությունը բռնապետության ու ժողովրդավարության միջեւ: «Նոր աշխարհ է ծնվում»,- ասում է Վուլֆը։ Կարելի է ավելացնել, որ մեր աչքի առաջ գծվում են այդ աշխարհի ուրվագծերը, այդ թվում՝ Բրյուսելի երեք գագաթնաժողովներում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր