211652_close_icon
views-count135442 դիտում article-date 19:06 25-03-2022

14 վիրավոր ունենք, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ գրեթե բոլոր դեպքերը ԱԹՍ–ի կիրառման հետևանք են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել

Sputnik Արմենիան գրում է. Այս պահին ճշտված տեղեկություններով` ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10 անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։

«Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով»,–գրել է նա։

Ստեփանյանը նաև հայտնել է, որ հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ։
Նրա խոսքով` վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք ԱԹՍ-ներով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձել են առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։

Այսինքն` ադրբեջանական կողմը հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվել է հումանիտար գործողություն։

Ստեփանյանը հավելում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերն իրականացնում են ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը։

Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր