211652_close_icon
views-count1849 դիտում article-date 16:40 25-03-2022

Տարվա եղանակների հրավառություն․Կամերային նվագախումբը հանդես կգա ինքնատիպ համերգով

Մարտի 29-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի սիրված կոմպոզիտորներ Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի Տարվա եղանակները» և Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունները։ Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր  Հարություն Արզումանյանը։

Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Ֆելիքս Հարությունյանը (Ավստրիա)։ Երգեհոն՝ Թերեզա Ոսկանյան։

Արգենտինացի կոմպոզիտոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի Տարվա եղանակները» չորս մասից բաղկացած ստեղծագործությունը ստեղծվել է 1965-ից 1970 թթ․ ընկած ժամանակահատվածում։ Կոմպոզիտորը դրանք կատարել է թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին։ Ստեղծագործությունը պատմում է Բուենոս Այրեսի ծայրամասի բնակչի կյանքի տարբեր շրջանների մասին: Պիացոլան փորձում է նկարագրել Բուենոս Այրեսի կյանքը` տանգոյի ռիթմերի միջոցով։

Վիվալդիի «Տարվա եղանակները» համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը։ Ստեղծագործությունը Վիվալդին գրել է 1723 թ․։ Կոնցերտներն առաջին անգամ հրատարակվել են գրվելուց երկու տարի անց՝ 1725 թվականին։ Կոնցերտների կազմությունը տարբեր է և յուրաքանչյուր կոնցերտ նվիրված է տարվա մեկ եղանակի, որն էլ բաղկացած է տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։

Նմանատիպ նյութեր