211652_close_icon
views-count999 դիտում article-date 10:43 25-03-2022

Ազգերը նույնպես ապրում են հայեցակարգերով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայտնի է, որ մարդը, անկախ նրանից, թե երբ եւ որտեղ է ծնվել, սոցիալական ինչպիսի դիրք է զբաղեցնում եւ ինչ մտավոր ունակությունների տեր է, արդեն 10 հազար տարի է, որ առաջնորդվում է հայեցակարգերով (կոնցեպցիաներով): Աբրահամ Մասլոուի հայտնի բուրգը, ըստ ժամանակակից հեղինակների, գործում է, բայց «շուռ տված» տարբերակով. բազայինը հոգեւոր պահանջմունքներն են, որոնց վրա կառուցվում են սոցիալականն ու անվտանգայինը: Եթե այդպես չլիներ, ապա, մասնավորապես, ոչ մի զինվոր ոչ մի պատերազմում չէր կռվի:

Ազգերը նույնպես ապրում են հայեցակարգերով: Օրինակ, ռուսական հայեցակարգն այն է, որ իրենց երկիրն առանձնահատուկ է, գնում է իր ուրույն ճանապարհով, բայց շրջապատված է թշնամիներով, որոնց ուշքն ու միտքն այդ ճանապարհից շեղելն է (հիմնականում՝ օտար արժեքներ ներմուծելով), իսկ իրենց՝ ռուսների նպատակն ու առաքելությունն է՝ պայքարել այդ ճնշումների դեմ եւ պահպանել սեփական ուղիով գնալու իրավունքը: Բնականաբար, դա Պուտինի եւ նրա քարոզիչների գյուտը չէ. այդ մտայնությունը ձեւավորվել է մոտավորապես 200 տարի առաջ՝ ի դեմս, այսպես կոչված, «սլավոնամոլների»: Պարզապես դա ժամանակ առ ժամանակ դառնում է պաշտոնական հայեցակարգ, ինչպես որ այսօր է: Այդ հայեցակարգը դրսեւորվում է սեփական ուժերի գերագնահատման եւ դրանից բխող ռազմական արկածախնդրությունների մեջ:

Հայաստանյան հայեցակարգը կարելի է ձեւակերպել այսպես. մենք էլ ենք հիմնականում շրջապատված թշնամիներով, բայց, ի տարբերություն ռուսների, կարծում ենք, որ փոքր ենք եւ թույլ ու չենք կարող ինքնուրույն պաշտպանվել: Հաճախ նաեւ բողոքում ենք, թե ինչու այսինչը կամ այնինչը մեզ չի պաշտպանում: Այդ պատումին ավելանում է ավելի թարմը. «30 տարի մեզ թալանել եւ կեղեքել են, եւ հիմա չկա ավելի կարեւոր խնդիր, քան այդ թալանչիներին ու կեղեքիչներին ժողովրդի արդար դատաստանի առաջ կանգնեցնելը»:

Կարեւոր չէ, թե այդ պնդումներից որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ: Իմ խորին համոզմամբ, հայեցակարգերի վերաբերյալ «ճիշտ» եւ «սխալ» բնութագրիչները կիրառելի չեն: Լինում են աշխատող, գործող, արդյունավետ հայեցակարգեր եւ՝ հակառակը: Այն «տեղը», որտեղ մենք՝ հայերս, տեսնում ենք մեզ աշխարհում, այն ձեւերը, որոնք մենք ընտրել ենք աշխարհի հետ հարաբերվելու համար, չեն ապահովում մեր անվտանգային եւ սոցիալական հարցերի լուծումը:

Բայց հիմքը, կրկնեմ, հոգեւոր ոլորտում է: Իսկ այդ ամենի ներկայիս դրսեւորումը հասարակական ապատիան է եւ անգործունակ իշխանությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր