211652_close_icon
views-count1954 դիտում article-date 09:37 25-03-2022

Մենք պաշտպանում ենք մեր և ձեր ընդհանուր արժեքները. Զելենսկի․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հորդորել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեծացնել ռազմական օգնությունն իր երկրին՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի: Նա նաեւ զգուշացրել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը կարող են լինել դաշինքի մաս կազմող Արեւելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Լեհաստանը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Առցանց ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում՝ Զելենսկին ընդգծել է, որ ռուսական ուժերին դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ են կործանիչներ, հրասայլեր, ռազմածովային զենքեր և կատարելագործված հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջնորդները տեղյակ են, որ պատերազմ սանձազերծած Ռուսաստանը մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում, եւ պատրաստվում է ավելի հեռուն գնալ՝ մինչեւ դաշինքի մաս կազմող Արևելյան Եվրոպայի պետություններ, առաջին հերթին՝ Բալթյան երկրներ և Լեհաստան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ ասել էր, որ չնայած դաշինքն ուժեղացնում է Ուկրաինային աջակցությունը, զորքեր կամ ռազմաօդնավեր չի ուղարկի Կիեւին օգնելու համար:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի երկրներին աջակցության համար։ Սակայն ասել է նաեւ, որ դաշինքը դեռ պետք է ցույց տա մարդկանց փրկելու իր կարողությունները։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան գտնվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև գորշ գոտում։ «Մենք պաշտպանում ենք մեր և ձեր ընդհանուր արժեքները»,- ասել է նա։

«Դաշինքը դեռ կարող է կանխել ռուսական հարվածներից ուկրաինացի մարդկանց մահը, կարող է Ուկրաինան կանխել ռուսական օկուպացիայից՝ մեզ տրամադրելով մեզ անհրաժեշտ բոլոր զենքերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր